Հոդված 35. Հյուպատոսական գործառույթների կատարումը հյուպատոսական շրջանի սահմաններում և այդ շրջանի սահմաններից դուրս, երրորդ պետությունում կամ երրորդ պետության անունից
Հոդված 35. Հյուպատոսական գործառույթների կատարումը հյուպատոսական շրջանի սահմաններում և այդ շրջանի սահմաններից դուրս, երրորդ պետությունում կամ երրորդ պետության անունից
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի իր հյուպատոսական շրջանի սահմաններում իրականացնել սույն Կոնվենցիայում նշված հյուպատոսական գործառույթները: Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է կատարել և այլ՝ Ներկայացվող պետության կողմից իրեն հանձնարարված գործառույթներ, որոնք չեն հակասում Նստավայր պետության օրենսդրությանը կամ, եթե Նստավայր պետությունը չի առարկում, այնպիսի գործառույթներ, որոնք նախատեսվում են Ներկայացվող և Նստավայր պետությունների միջև գործող միջազգային պայմանագրերով:
2. Նստավայր պետության համաձայնությամբ հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է իրականացնել հյուպատոսական գործառույթներ իր հյուպատոսական շրջանի սահմաններից դուրս:
3. Շահագրգիռ պետություններին ծանուցելուց հետո Ներկայացվող պետությունը կարող է հանձնարարել Նստավայր պետությունում բացված հյուպատոսական հիմնարկին՝ իրականացնել հյուպատոսական գործառույթներ երրորդ պետությունում, եթե որոշակիորեն արտահայտված առարկություն չկա Նստավայր պետության կողմից:
4. Նստավայր պետությանը համապատասխան կերպով ծանուցելուց հետո Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկը կարող է, եթե Նստավայր պետությունը չի առարկում, երրորդ պետության անունից Նստավայր պետությունում իրականացնել հյուպատոսական գործառույթներ: