Հոդված 41. Ներկայացվող պետության քաղաքացիների ձերբակալման և կալանավորման վերաբերյալ գործառույթներ
Հոդված 41. Ներկայացվող պետության քաղաքացիների ձերբակալման և կալանավորման վերաբերյալ գործառույթներ
1. Եթե Ներկայացվող պետության որևէ քաղաքացի հյուպատոսական շրջանում ձերբակալվում է, Նստավայր պետության իրավասու մարմինները այդ մասին անհապաղ ծանուցում են Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկին:
2. Ներկայացվող պետության՝ ձերբակալված քաղաքացու կողմից այդ հյուպատոսական հիմնարկին հասցեագրված ցանկացած հաղորդում Նստավայր պետության իրավասու մարմինների կողմից անհապաղ փոխանցվում է այդ հյուպատոսական հիմնարկին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի այցելելու Ներկայացվող պետության ձերբակալված քաղաքացուն նրա հետ զրուցելու, նրան թղթակցություն և այլ փոստային առաքումներ հանձնելու կամ նրանից ստանալու, ինչպես նաև նրա համար իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Նստավայր պետությունը այդ այցելություններից առաջինի համար թույլտվություն տալիս է հնարավորինս կարճ ժամկետում:
Հաջորդ այցելությունների համար թույլտվությունները տրվում են Նստավայր պետության օրենսդրության շրջանակներում:
4. Հյուպատոսական պաշտոնատար անձինք ձեռնպահ են մնում Ներկայացվող պետության ձերբակալված քաղաքացու անունից ցանկացած գործողություն ձեռնարկելուց, եթե տվյալ քաղաքացին հյուպատոսական պաշտոնատար անձի ներկայությամբ ուղղակիորեն առարկում է նման գործողությունների դեմ:
5. Նստավայր պետությունը Ներկայացվող պետության՝ կալանքի տակ գտնվող կամ դատաքննության կամ այլ քննության ենթակա քաղաքացիներին տեղեկացնում է սույն հոդվածի դրույթների մասին:
6. Սույն հոդվածում հղումը ձերբակալված անձին իր մեջ ներառում է հղումը այն անձին, որը գտնվում է կալանքի տակ, ձերբակալված է, կամ նրա ազատությունը սահմանափակված է որևէ այլ ձևով (ներառյալ այն անձը, որը Նստավայր պետության տարածքում պատիժ է կրում ազատազրկման վայրերում):
7. Սույն հոդվածում հիշատակված իրավունքները իրականացվում են Նստավայր պետության օրենսդրության համապատասխան՝ պայմանով, որ այդ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ամբողջությամբ հասնել այն նպատակներին, որոնց համար նախատեսված են այդ իրավունքները: