Հոդված 18. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները
Հոդված 18. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները
1. Անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում ձեռք են բերել նշանակալից մասնակցություն, պարտավոր են ձեռքբերման պահից վեցամսյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննում է այն:
2. Կենտրոնական բանկը կարող է դիմումը մերժել` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`
ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունի.
բ) անձը դատավճռով զրկվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից.
գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի.
դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերով Կենտրոնական բանկի` դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո նշված անձը պարտավոր է վեցամսյա ժամկետում օտարել բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը գերազանցող մասը:
4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձինք չեն օգտվում 10 տոկոսը գերազանցող մասնակցության մասով վերապահվող ձայնի և շահաբաժիններ ստանալու իրավունքից` մինչև սույն հոդվածին համապատասխան Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալը:
5. Եթե բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձը կամ փոխկապակցված անձինք ձեռք բերելու պահից վեցամսյա ժամկետում օտարել են 10 տոկոսը գերազանցող մասնակցությունը, ապա Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում: