Հոդված 20. Բանկի կանոնադրությունը
Հոդված 20. Բանկի կանոնադրությունը
1. Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների և կառավարման մարմինների համար:
2. Կանոնադրությունը սահմանում է`
ա) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.
բ) բանկի գտնվելու վայրը.
գ) բանկի կազմակերպական-իրավական տեսակը.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
ե) բանկի հայտարարված կանոնադրական հիմնադրամի չափը.
զ) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
է) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն:
ը) բանկի կողմից մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման և լուծարման կարգը.
թ) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթներ:
Բանկի կանոնադրությամբ կարող են սահմանվել բանկի կանոնադրական հիմնադրամում մեկ հիմնադրի կամ մասնակցի մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) առավելագույն չափը:
3. Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է բանկի կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել:
4. Բանկի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ: