Հոդված 68. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 68. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Բանկերի միաձուլումը կամ ձեռքբերումը, անկախ դրանց իրականացման ձևից կամ եղանակից, կարող է իրականացվել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական բանկի համաձայնության միաձուլման կամ ձեռքբերման գործարքը կամ գործարքներն իրավական ուժ չունեն:
2. Կենտրոնական բանկը, համապատասխան միջնորդագիրը և իր կողմից սահմանված կարգով, ձևով և ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում տալիս է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համաձայնությունը: Կենտրոնական բանկը չի տալիս իր համաձայնությունը, եթե`
ա) նախատեսվող գործարքը կհանգեցնի դրանց կողմերից որևէ մեկի կամ որևէ այլ անձի մենաշնորհ դիրքին բանկային շուկայում.
բ) նախատեսվող գործարքի կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի:
Եթե Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում կողմերին չի տեղեկացնում նախատեսվող գործարքը սույն մասի «ա» և «բ» կետերից որևէ մեկով սահմանված կամ որևէ այլ հիմնավորմամբ մերժելու մասին, ապա համաձայնությունը համարվում է տրված:
3. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում գործարքի կողմերը գործարքը հաստատելու և գրանցելու մասին դիմում են ներկայացնում Կենտրոնական բանկ` կցելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված փաստաթղթերը: Կենտրոնական բանկը հաստատում և գրանցում է գործարքը դիմումը ստանալու պահից եռօրյա ժամկետում: