Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 27. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 27. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

1. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) գրանցման դիմում, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ.

բ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք.

գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգը.

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, նրանց վավերացված ստորագրության նմուշները.

ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` սույն օրենքի 18 հոդվածի երկրորդ մասում նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ամբողջական և բավարար փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը:

3. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Կանոնադրական հիմնադրամի համալրման համար Կենտրոնական բանկը բացում է գրանցված բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ:

4. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական:

5. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։