Հոդված 73. ԲԱՆԿԵՐԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 73. ԲԱՆԿԵՐԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. Բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է որոշում և ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար դիմում է Կենտրոնական բանկ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ինքնալուծարման մասին դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով`
ա) բանկի ինքնալուծարման դեպքում, բանկը ի վիճակի չի լինի լրիվ բավարարել իր պարտատերերի պահանջները.
բ) ինքնալուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով:
3. Բանկի ինքնալուծարման դեպքում բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է լուծարման նախագիծ, որի համաձայն իրականացվում է բանկի լուծարումը: Լուծարման նախագիծը պետք է հաստատվի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: