Հոդված 35. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ և ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 35. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ և ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը և ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն):
Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:
2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն է.
բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.
գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
Սույն հոդվածի երկրորդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում բացառապես սույն գլխով նախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնող անձանց, այդ թվում` բանկերի կապիտալում բանկերի մասնակցության վրա: Բանկը տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, եթե տվյալ անձանց կապիտալում բանկի մասնակցությունը գերազանցում է կանոնադրական հիմնադրամի հիսուն տոկոսը:
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է տասնօրյա ժամկետում և համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ և չի հակասում օրենքի այլ պահանջներին:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.
բ) բանկը մի այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:
5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» կետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի մեկ տոկոսի չափով: