Հոդված 33. Փոփոխությունների գրանցումը
Հոդված 33. Փոփոխությունների գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին`
ա) բանկի կանոնադրությունում և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգում կատարված փոփոխությունները.
բ) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունները.
գ) ղեկավարների կազմում, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, կատարված փոփոխությունները.
դ) գործունեության վայրի փոփոխությունը.
ե) կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունը.
զ) տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և գործառնական գրասենյակների (կետերի) հիմնադրման կամ լուծարման վերաբերյալ տեղեկությունները.
է) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին և ծանուցվել են սահմանված կարգով և ձևով: Ծանուցման կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից: