Հոդված 28. Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը
Հոդված 28. Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին.
բ) բանկի միջնորդագիրը.
գ) մասնաճյուղի կանոնակարգը.
դ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով: Կենտրոնական բանկը կարող է քննել մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների և վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում.
զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը:
3. Ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում`
ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը.
բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը.
գ) օտարերկրյա բանկի ներկայացուցչությունը գրանցելու համար` նաև հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը:
4. Միջնորդագիրը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնում է բանկին:
5. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար: