Հոդված 34. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 34. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
ա) ընդունել ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդներ` տոկոսներով կամ առանց տոկոսի.
բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ բանկային փոխառություններ, հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).
դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
ե) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.
զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել.
է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն իրականացնել.
ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).
թ) գնել, վաճառել և կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ.
ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն.
ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման գործունեություն:
2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:
3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: