Հոդված 102. Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ընդհանուր պայմանները
Հոդված 102. Մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ընդհանուր պայմանները
1. Մաքսատուրքի վճարման հետաձգումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի վճարման սահմանված ժամկետից ուշ վճարելու հնարավորության տրամադրումն է:
2. Կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել սույն հոդվածով և Միության միջազգային պայմանագրով սահմանված կարգով:
3. Մաքսատուրքի տարաժամկետ վճարումը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին մաքսատուրքի սահմանված ժամկետից ուշ և փուլ առ փուլ վճարման հնարավորության տրամադրումն է:
4. Մաքսատուրքի վճարման հետաձգումը կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը կարող է տրամադրվել միայն Միության մաքսային օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված ապահովումների առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամկետների փոփոխության համար հաշվարկվում են տոկոսներ՝ սույն օրենքով սահմանված չափով:
6. Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար դրանց հիմքերի առկայությունը հաստատում է կոմիտեն:
7. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում: Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության տրամադրումը կարող է մերժվել բացառապես Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում:
8. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը տրամադրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիս:
9. Մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը տրամադրելու կամ մերժելու մասին գրավոր որոշումը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձին:
10. Որոշման մեջ նշվում է այն ժամկետը, որով տրամադրվում է հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունը, իսկ մերժելու դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները:
11. Տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու մասին գրավոր որոշումը ներառում է նաև մաքսատուրքի վճարման ժամանակացույցը:
(102-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)