Հոդված 107. Դրամական միջոցների գրավը՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց
Հոդված 107. Դրամական միջոցների գրավը՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց
1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով դրամական միջոցները մուտքագրվում են միասնական հաշիվ: Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների համար դրամական միջոցները՝ որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց, մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներ:
2. Մաքսային վճարների վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում մաքսային մարմինն իրավասու է որպես մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման միջոց ներդրված դրամական միջոցներից սույն օրենքով սահմանված կարգով գանձելու չկատարված պարտավորություններին համապատասխան գումարները:
3. Որպես դրամական միջոցների գրավի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան գանձապետական հաշիվներում մուտքի կամ միասնական գանձապետական հաշվին մուտքի հաստատում՝ դրամական միջոցներ ներդրած անձին տրվում է անդորրագիր, որի կիրառման ձևը և կարգը սահմանում է կոմիտեն: Անդորրագիրն այլ անձի չի կարող փոխանցվել: Անդորրագրի կորստի դեպքում այն տրամադրած մաքսային մարմինը դրամական միջոցներ ներդրած անձի դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անդորրագրի կրկնօրինակը:
4. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման նպատակով ներդրված չօգտագործված կամ մասնակի օգտագործված միջոցները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում են:
5. Բազմակի ապահովման գումարի հաշվին մաքսատուրքի, հարկերի գանձումից երեք աշխատանքային օր առաջ համապատասխան մաքսային մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել բազմակի ապահովում ներկայացրած անձին:
(107-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)