Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 20 · ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 136. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու, ապրանքները և փաստաթղթերը առգրավելու կարգը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 136. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու, ապրանքները և փաստաթղթերը առգրավելու կարգը

1. Ապրանքների վրա արգելանք դնելը և ապրանքների առգրավումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված նպատակներով։

2. Արտագնա ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու հիմքերն են՝

1) հատուկ դրոշմանիշներ, նույնականացման նշաններ կամ այլ եղանակներով կատարված նշագրում չունեցող ապրանքների տեղափոխումը, եթե ապրանքների դրոշմանիշները, նույնականացման նշանները, նշագրումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ, կամ կեղծված դրոշմանիշներով կամ նույնականացման միջոցներով ապրանքների հայտնաբերումը.

2) ստուգվող անձի առևտրային փաստաթղթերում ապրանքների մաքսային հայտարարագրման և (կամ) բաց թողնման փաստերը հաստատող տեղեկությունների բացակայությունը, եթե, Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրության համաձայն, առևտրային փաստաթղթերում այդ տեղեկությունների նշումը պարտադիր է, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը կամ Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բացակայությունը.

3) պայմանականորեն բաց թողնված ապրանքների` նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու փաստերի բացահայտումը.

4) մաքսատուրքի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման պայմանների և (կամ) կարգի չպահպանման մասին փաստերի բացահայտումը.

5) մաքսային ընթացակարգի պայմանների և պահանջների խախտումներով ապրանքների օգտագործման մասին վկայող փաստերի բացահայտումը։

3. Ապրանքների վրա արգելանքը դրանց տնօրինման և օգտագործման արգելքն է։ Արգելանքի տակ գտնվող ապրանքները փոխանցվում են դրանց տիրապետողին կամ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի պահպանմանը։ Արգելանքի տակ դրված ապրանքների օգտագործումը կարող է թույլատրվել արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ այդպիսի ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի դիմումի հիման վրա։ Արգելանքի տակ գտնվող ապրանքների փոխանցումն այլ անձանց, դրանց օտարումը կամ այլ կերպ տնօրինումը չեն թույլատրվում։

4. Ստուգվող ապրանքները կարող են առգրավվել, եթե բացահայտվել է, որ դրանց ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է, ինչպես նաև, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրանքների արգելանքը դրանց պահպանման համար բավարար միջոց չէ։ Առգրավված ապրանքները տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում՝ սույն օրենքով սահմանված կարգով։

5. Մաքսային ստուգման ժամանակ փաստաթղթերի պատճենների ներկայացումը անբավարար համարվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ փաստաթղթերի բնօրինակները կարող են ոչնչացվել, թաքցվել, ուղղվել կամ փոփոխվել, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները։ Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ կազմվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրություն՝ երկու օրինակից։ Սույն մասով սահմանված արձանագրության մի օրինակը՝ առգրավված փաստաթղթերի պատճենների հետ, փոխանցվում է ստուգվող անձին։ Փաստաթղթի պատճենների վրա նշվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրության համարն ու ամսաթիվը, և դրվում է դրանք առգրավող պաշտոնատար անձի ստորագրությունը։

6. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը և ապրանքների վրա արգելանք դնելն իրականացվում են արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա՝ ստուգվող անձի և առնվազն երկու ընթերակաների ներկայությամբ։

7. Բոլոր առգրավվող ապրանքները, փաստաթղթերը կամ ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվում, ներկայացվում են ընթերականերին, սույն օրենքով նախատեսված` առգրավման գործողություններին մասնակցող այլ անձանց, որից հետո, ըստ անհրաժեշտության, փաթեթավորվում, կնքվում կամ կապարակնքվում են։ Առգրավված փաստաթղթերը պետք է համարակալի, կնքի և ստորագրի ստուգվող անձը կամ նրա լիազոր անձը։ Ստուգվող անձի կամ նրա լիազոր անձի կողմից առգրավվող փաստաթղթերը կնքելուց կամ ստորագրելուց հրաժարվելու դեպքում փաստաթղթերի առգրավման արձանագրության մեջ մաքսային մարմինն այդ մասին նշում է կատարում։

8. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը, ապրանքների վրա արգելանք դնելը ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ մանրամասն նկարագրվում են առգրավված ապրանքները, փաստաթղթերը կամ այն ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվել՝ դրանց անվանումների, քանակի և անհատական հատկանիշների նշումով։ Նշված արձանագրությունը ստորագրում են առգրավումը կամ արգելանքը իրականացրած պաշտոնատար անձը և ստուգվող անձը, ինչպես նաև ընթերակաները։ Սույն մասի համաձայն կազմվող արձանագրության պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա լիազորած անձին։

9. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են արգելանքի վերցման՝ սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են վերցման կամ առգրավման՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։ Սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա։

10. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձի, դրված արգելանքի հանումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի և ստուգված անձի կողմից ստորագրված արձանագրությամբ, որը կազմվում է 2 օրինակից: Սույն մասով նախատեսված արձանագրության մի օրինակը հանձնվում է ստուգված անձին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում:

11. Առգրավված ապրանքների պահպանման ծախսերը կրում է առգրավված ապրանքների նկատմամբ տնօրինման, տիրապետման, օգտագործման իրավունք ունեցող անձը: Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Կառավարության սահմանած կարգով։

12. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան վերադարձման ենթակա չեն, սույն հոդվածին համապատասխան առգրավված ապրանքները, փաստաթղթերը արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝

1) սույն օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ

3) քրեական վարույթի շրջանակում առգրավված:

Սույն մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները, փաստաթղթերը առգրավվել են:

13. Արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում չպահանջված՝ առգրավված ապրանքները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` դատական ակտի համաձայն։

Ապրանքների առգրավման հիմքերը և (կամ) դրանց պահպանման անհրաժեշտությունը վերանալուց հետո այդ ապրանքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին:

(136-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 09.06.22 ՀՕ-236-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։