Հոդված 120. Մաքսային հսկողության իրականացումը
Հոդված 120. Մաքսային հսկողության իրականացումը
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:
2. Մաքսային հսկողության օբյեկտները և դրա իրականացման վայրը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածով։
3. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ և, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան, արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:
Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն մասով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության արդյունքում բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:
4. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինները կիրառում են ընտրողականության սկզբունքը և սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանման համար բավարար մաքսային հսկողության ձևերով: Մաքսային հսկողության ձևերի և մեթոդների ընտրության ժամանակ մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցները և նախնական տեղեկատվության վերլուծությունը՝ մաքսային հսկողություն իրականացնելիս հայտարարատուներին, փոխադրողներին և այլ անձանց՝ ապրանքների պահպանման, տրանսպորտային միջոցների պարապուրդի, ապրանքների բաց թողնման ժամկետի երկարաձգման պատճառով վնաս չպատճառելու համար, եթե մաքսային գործի բնագավառում լուրջ խախտումներ արտահայտող նշանների և նշված խախտումների բացահայտման և կանխարգելման առումով սպառիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն չի ծագել:
5. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները համագործակցում են հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
6. Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների, ակտերի և ընթացակարգային այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է կոմիտեն` Միության մաքսային օրենսդրությամբ դրանք սահմանված չլինելու դեպքում:
(120-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)