Հոդված 2. Հասկացությունների օգտագործումը
Հոդված 2. Հասկացությունների օգտագործումը
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
ա) «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից,
բ) «վավերացում», «ընդունում», «հաստատում» և «միացում» նշանակում է, պայմանավորված դեպքով, նման անվանում ունեցող միջազգային գործողություն, որի միջոցով պետությունը միջազգային մակարդակով հաստատում է իր համար պայմանագրի պարտադիրության համաձայնությունը,
գ) «լիարժեք լիազորություն» նշանակում է պետության իրավասու մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որով մեկ կամ մի քանի անձինք նշանակվում են ներկայացնելու այդ պետությունը բանակցություններ վարելու, պայմանագրի տեքստն ընդունելու կամ դրա բնագրային բնույթը հաստատելու, այդ պետության համար պայմանագրի պարտադիրության համաձայնությունն արտահայտելու կամ պայմանագրին առնչվող ցանկացած ուրիշ գործողություն կատարելու նպատակով,
դ) «վերապահում» նշանակում է պայմանագրի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու ժամանակ ցանկացած ձևակերպումով և ցանկացած անվանումով պետության կողմից արված միակողմանի հայտարարություն, որի միջոցով նա ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք տվյալ պետության նկատմամբ կիրառելիս,
ե) «բանակցող պետություն» նշանակում է պետություն, որը մասնակցել է պայմանագրի տեքստը կազմելուն և ընդունելուն,
զ) «պայմանավորվող պետություն» նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, անկախ նրանից, այդ պայմանագիրն ուժի մեջ է մտել, թե ոչ,
է) «կողմ» նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, և որի համար պայմանագիրն ուժի մեջ է,
ը) «երրորդ պետություն» նշանակում է պետություն, որը պայմանագրին կողմ չէ,
թ) «միջազգային կազմակերպություն» նշանակում է միջկառավարական կազմակերպություն։
2. Սույն Կոնվենցիայում հասկացությունների կիրառման վերաբերյալ 1-ին կետի դրույթները չեն վերաբերում ցանկացած պետության ներքին իրավունքում այդ տերմինների կիրառմանը և դրանց տրվող նշանակությանը։