Անցնել բովանդակությանը

Հոդված 85. Բնագրային տեքստեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85. Բնագրային տեքստեր

Սույն Կոնվենցիայի բնագիրն անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն է, որի տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ իրենց կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Կոնվենցիան։

ԿԱՏԱՐՎԵԼ է Վիեննայում հազար ինը հարյուր վաթսունինը թվականի մայիսի քսաներեքին։

ՀԱՎԵԼՎԱԾ

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում և տնօրինում է որակյալ իրավաբաններից կազմված հաշտարար միջնորդների ցուցակը։ Այդ նպատակով յուրաքանչյուր պետության, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է կամ սույն Կոնվենցիայի մասնակից, հրավիրվում է առաջարկելու երկուական հաշտարար միջնորդների թեկնածություններ, և այդ ձևով առաջադրված անձանց ազգանուններից կազմվում է ցուցակ։ Հաշտարար միջնորդները, այդ թվում նաև պատահմամբ թափուր մնացած տեղերի համար նշանակված միջնորդները նշանակվում են հինգ տարի ժամկետով, որը կարող է նորոգվել։ Հաշտարար միջնորդը, իր նշանակման ժամկետը լրանալուց հետո էլ, համաձայն հաջորդ կետի դրույթների, պետք է շարունակի կատարել ցանկացած գործառույթ, որի համար նա ընտրվել է։

2. Եթե 66-րդ հոդվածի դրույթների համաձայն Գլխավոր քարտուղարին ներկայացվում է խնդրանք, նա վեճը քննարկման է հանձնում հետևյալ կարգով կազմավորված համաձայնեցման հանձնաժողովին։ Վեճի մի կողմ հանդիսացող պետությունը կամ պետությունները նշանակում են.

a) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացի հանդիսացող մեկ հաշտարար միջնորդ, որը կարող է ընտրվել 1-ին կետում նշված անձանցից կամ այլ անձանցից, և

b) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացին, որն ընտրվում է ցուցակից։

Վեճի մյուս կողմը հանդիսացող պետությունը կամ պետությունները նույն կարգով նշանակում են երկու հաշտարար միջնորդներ։ Կողմերի ընտրած չորս հաշտարար միջնորդները պետք է նշանակվեն Գլխավոր քարտուղարի համապատասխան խնդրանքն ստանալու օրվանից հաշվված վաթսուն օրվա ընթացքում։

Այդ չորս հաշտարար միջնորդներն իրենցից վերջինի նշանակման օրվանից հետո վաթսուն օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից նշանակում են հինգերորդ հաշտարար միջնորդին, որը կլինի նախագահ։

Եթե Նախագահը կամ մյուս հաշտարար միջնորդներից որևէ մեկը նրանց նշանակման համար նշված ժամկետներում չեն նշանակվում, ապա նրանք նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից համապատասխան ժամկետն անցնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Գլխավոր քարտուղարը Նախագահին կարող է նշանակել կամ ցուցակում ընդգրկված անձանցից, կամ Միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամներից։ Նշանակման համար նախատեսված ցանկացած ժամկետ, վեճի կողմերի համաձայնությամբ, կարող է երկարացվել։

Ցանկացած թափուր տեղ պետք է լրացվի նախնական նշանակման համար նախատեսված կարգով։

3. Համաձայնեցման հանձնաժողովն ինքն է սահմանում իր ընթացակարգը։ Կողմերի համաձայնությամբ հանձնաժողովը կարող է ցանկացած կողմին առաջարկել ներկայացնելու իր կարծիքը գրավոր կամ բանավոր։ Հանձնաժողովը որոշում է ընդունում կամ հանձնարարություն է տալիս իր հինգ անդամների ձայների մեծամասնությամբ։

4. Հանձնաժողովը կարող է վեճի կողմերի ուշադրությունը հրավիրել վեճի հոժարակամ լուծումը թեթևացնող ցանկացած միջոցի վրա։

5. Հանձնաժողովը լսում է կողմերին, քննարկում է պահանջները և առարկությունները և կողմերի քննարկմանն է ներկայացնում վեճի հոժարակամ լուծմանը հասնելու առաջարկություններ։

6. Հանձնաժողովն իր զեկույցը պետք է ներկայացնի իր կազմավորման ժամկետից հաշվված տասներկու ամսվա ընթացքում։ Այդ զեկույցն ուղարկվում է Գլխավոր քարտուղարին և տրվում է վեճի կողմերին։ Հանձնաժողովի զեկույցը, ներառյալ դրանում պարունակվող փաստերի վերաբերյալ և իրավունքի վերաբերյալ ցանկացած եզրակացություն, կողմերի համար պարտադիր չեն, և միայն վեճի հոժարակամ լուծումը թեթևացնելու նպատակով կողմերին ներկայացվող հանձնարարական են։

7. Գլխավոր քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է օգնություն և սպասարկման միջոցներ, որոնց կարիքը նա կարող է ունենալ։ Հանձնաժողովի ծախսերը կրում է Միավորված ազգերի կազմակերպությունը։

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան վավերացրել Է նրա 66-րդ հոդվածի վերաբերյալ հետևյալ վերապահումով. «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ.Վիեննայի կոնվենցիայի 66-րդ հոդվածի դրույթներով և հայտարարում Է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճը Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ Է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»։

Ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 16-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։