Հոդված 11. Վազանցը և երթևեկությունը շարքերում
Հոդված 11 Վազանցը և երթևեկությունը շարքերում
1. ա) Վազանցը պետք է կատարվի երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմին հակադիր կողմից:
բ) Սակայն վազանցը պետք է կատարվի երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմով այն դեպքում, երբ վարորդը (անասնավարը), որին վազանցում են, ազդանշան է տվել երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմին հակադիր կողմ շրջվելու և իր փոխադրամիջոցը կամ իր կենդանիներին ուղղել է դեպի այդ կողմ` այն նպատակով, որ կամ շրջվի այլ ճանապարհ, կամ մտնի ճանապարհամերձ տարածք, կամ կանգ առնի այդ կողմում:
2. Վազանցից առաջ վարորդը, չխախտելով սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի և 14-րդ հոդվածի դրույթները, պետք է համոզվի, որ.
ա) հետևից ընթացող ոչ մի վարորդ վազանց չի սկսել,
բ) երթևեկության նույն գոտիով իր առջևից շարժվող փոխադրամիջոցի վարորդը ազդանշան չի տվել այլ փոխադրամիջոցի վազանցելու իր մտադրության մասին,
գ) նա կարող է դա անել առանց հանդիպակաց փոխադրամիջոցների համար վտանգ ստեղծելու կամ նրանց խանգարելու, մասնավորապես, համոզվելով, որ շարժման այն գոտին, ուր ինքը մտադրություն ունի դուրս գալու, ազատ է բավարար հեռավորության վրա, և երկու փոխադրամիջոցների հարաբերական արագությունը հնարավորություն է տալիս վազանցը կատարել բավականաչափ կարճ ժամանակամիջոցում,
դ) բացառությամբ այն գոտի դուրս գալու դեպքերի, որով հանդիպակաց երթևեկությունն արգելված է, նա կարող է կրկին զբաղեցնել սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված տեղը` առանց վնասելու ճանապարհից այլ օգտվողին կամ օգտվողներին, որոնց նա վազանցում է:
3. Ի կատարումն սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների` արգելվում է, մասնավորապես, երկկողմ երթևեկությամբ ճանապարհներում վազանց կատարել վերելքի վերջին մոտենալիս և, երբ տեսանելիությունն անբավարար է, շրջադարձերում` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղերում կա երկայնական գծանշում, և երբ վազանցը կատարվում է առանց հանդիպակաց երթևեկության համար նախատեսված գոտիներ դուրս գալու:
4. Վազանցի ժամանակ վարորդը ճանապարհից օգտվողի կամ օգտվողների համար (որոնց նա վազանցում է) կողքից պետք է թողնի բավարար տարածություն:
5. ա) Տվյալ ուղղությամբ երթևեկելու համար նախատեսված առնվազն երկու գոտի ունեցող ճանապարհներում փոխադրամիջոցի վարորդը, որը սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` իր շարք վերադառնալուց հետո անմիջապես կամ շուտով ստիպված կլինի կատարելու նոր վազանց, այդ մանևրը կատարելու համար կարող է մնալ առաջին վազանցը կատարելու համար զբաղեցրած երթևեկության գոտում` նախապես համոզվելով, որ ինքը կարող է դա անել առանց լուրջ դժվարություններ ստեղծելու իր հետևում մեծ արագությամբ ընթացող փոխադրամիջոցների վարորդների համար:
բ) Սակայն Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են սույն կետի դրույթները չկիրառել հեծանիվների, կախովի շարժիչով հեծանիվների, մոտոցիկլետների և, սույն Կոնվենցիայի համաձայն, ավտոմեքենաներ չհամարվող փոխադրամիջոցների նկատմամբ, ինչպես նաև 3500 կգ գերազանցող զանգված ունեցող կամ 40 կմ/ժամ (25 մղոն/ժամ) չգերազանցող կառուցվածքային արագություն ունեցող ավտոմեքենաների վարորդների նկատմամբ:
6. Երբ կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի դրույթները, և երթևեկության ինտենսիվությունն այնպիսին է, որ փոխադրամիջոցները ոչ միայն զբաղեցնում են բացառապես տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երթևեկելի մասի ողջ լայնքը, այլ նաև շարժվում են իրենց առջևում տվյալ շարքով ընթացող փոխադրամիջոցի արագությունից կախված արագությամբ, ապա՝
ա) այն փաստը (առանց վնասելու սույն հոդվածի 9-րդ կետի դրույթները), որ մի շարքի փոխադրամիջոցները շարժվում են ավելի մեծ արագությամբ, քան մյուս շարքի փոխադրամիջոցները, սույն հոդվածին համապատասխան` վազանց չի դիտվում,
բ) այն փոխադրամիջոցի վարորդը, որը չի գտնվում երթևեկելի մասի՝ երթևեկության ուղղությանը համապատասխանող եզրին ամենամոտ շարժման գոտում, կարող է շարքից դուրս գալ միայն աջ կամ ձախ շրջադարձ կատարելու կամ կայանատեղ գնալու նպատակով. սակայն այդ պահանջը չի կիրառվում, եթե վարորդն անցնում է մի շարքից մյուսը, ազգային օրենսդրության դրույթների համաձայն, սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետի ցուցումները կատարելիս:
7. Եթե երթևեկելի մասի վրա գոտիները բաժանված են երկայնական գծանշումով, սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում նկարագրված շարքերով շարժվող վարորդներին արգելվում է դուրս գալ այդ գծանշումների վրա:
8. Չխախտելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները և այլ սահմանափակումները, որոնք Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են ներկայացնել խաչմերուկներում և երկաթուղային գծանցերում վազանցի վերաբերյալ, փոխադրամիջոցի ոչ մի վարորդ չպետք է վազանցի այլ փոխադրամիջոցի (ոչ երկանիվ հեծանիվի, կախովի շարժիչով երկանիվ հեծանվի կամ առանց կցասայլի երկանիվ մոտոցիկլետի).
ա) անմիջապես խաչմերուկից առաջ և խաչմերուկում (ոչ շրջանաձև շարժում ունեցող)` բացառությամբ.
i) սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի,
ii) այն դեպքի, երբ վազանցը կատարվում է այնպիսի ճանապարհի վրա, որով շարժվելիս խաչմերուկում տրվում է անցման առաջնահերթության իրավունք,
iii) այն դեպքի, երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորվում է կարգավարի կողմից կամ ճանապարհային լուսային ազդանշաններով.
բ) առանց ուղեփակոցների կամ կիսաուղեփակոցների երկաթուղային գծանցերից անմիջապես առաջ և այդ գծանցերի վրա, սակայն հաշվի առնելով, որ Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են այն երկաթուղային գծանցերի վրա վազանց թույլատրել, որտեղ ճանապարհային երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային այնպիսի լուսային ազդանշաններով, որոնք ունեն փոխադրամիջոցների անցումը թույլատրող լույս:
9. Փոխադրամիջոցը կարող է վազանցել ճանապարհի երթևեկելի մասի վրա գծանշումով կամ նշանով, կամ ազդանշանով նշված հետիոտնի անցումին մոտեցող կամ անմիջապես այդ անցումի առաջ կանգ առած այլ փոխադրամիջոցի միայն բավականաչափ փոքր այնպիսի արագությամբ, որն ապահովում է ժամանակին կանգ առնելը, եթե անցման վրա հայտնվում են հետիոտներ: Այս կետի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին խոչընդոտող՝ արգելելու վազանցը, սկսած որոշակի հեռավորությունից մինչև հետիոտնի անցումը, կամ ավելի խիստ պահանջներ ներկայացնելու անցմանը մոտ կանգ առած այն փոխադրամիջոցների վարորդներին, որոնք վազանցելու մտադրություն ունեն:
10. Վարորդը, որը կհամոզվի, որ իր հետևից ընթացող վարորդը մտադիր է վազանց կատարել, պետք է, բացառությամբ սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 16-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի, մոտենա ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության ուղղությանը համապա-տասխանող եզրին և չմեծացնի արագությունը: Եթե, հաշվի առնելով հանդիպակաց շարժման հաճախականությունը, ճանապարհի երթևեկելի մասի ոչ բավարար լայնությունը, ճանապարհահարթակը (պրոֆիլը) կամ վիճակը, թույլ չեն տալիս հեշտ և անվտանգ վազանցել դանդաղընթաց, մեծածավալ կամ հարկադրված որոշակի արագություն պահպանող փոխադրամիջոցին, ապա վերջինիս վարորդը պետք է դանդաղեցնի շարժումը և, անհրաժեշտության դեպքում, առաջին իսկ հնարավորության դեպքում զիջի ճանապարհը, որպեսզի առաջ թողնի իր հետևից ընթացող փոխադրամիջոցներին:
11. ա) Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են միակողմանի երթևեկությամբ և երկկողմանի երթևեկությամբ ճանապարհներում այն դեպքում, երբ բնակավայրերում շարժման առնվազն երկու և բնակավայրերից դուրս երեք գոտի հատկացված են միևնույն ուղղությամբ շարժման համար և նշված են երկայնական գծանշումով՝
i) թույլատրել շարժման մի գոտիով ընթացող փոխադրամիջոցներին երթևեկության ուղղությանը համապատասխանող կողմից վազանցել մյուս երթևեկության գոտիով ընթացող փոխադրամիջոցներին,
ii) չկիրառել սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները շարժման այլ գոտի դուրս գալու հնարավորությունը սահմանափակող համապատասխան ցուցումների առկայության դեպքում,
բ) վերոհիշյալ «ա» ենթակետում նախատեսված դեպքում և չխախտելով սույն հոդվածի 9-րդ կետի դրույթները` այդպիսի առաջանցումը, սույն Կոնվենցիայի իմաստով, վազանց չի համարվում: