Հոդված 3. Պայմանավորվող կողմերի պարտավորությունները
Հոդված 3 Պայմանավորվող կողմերի պարտավորությունները
1. ա) Պայմանավորվող կողմերը համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց տարածքում գործող ճանապարհային երթևեկության կանոնները, ըստ իրենց էության, համապատասխանեն սույն Կոնվենցիայի II գլխի դրույթներին: Պայմանով, որ այդ կանոնները ոչ մի առումով չհակասեն հիշատակված դրույթներին՝
i) այդ կանոնները կարող են չներառել տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում տեղի չունեցած դեպքերին վերաբերող դրույթներ,
ii) այդ կանոնները կարող են պարունակել II գլխում չնախատեսված դրույթներ:
բ) Սույն կետի դրույթները Պայմանավորվող կողմերին չեն պարտավորեցնում սանկցիաներ նախատեսել II գլխի այն դրույթների որևէ խախտման համար, որոնք իրենք ներառել են ճանապարհային երթևեկության իրենց կանոններում:
2. ա) Պայմանավորվող կողմերը նաև ձեռնարկում են պատշաճ միջոցներ, որպեսզի իրենց տարածքում գործող տեխնիկական պայմաններին առնչվող կանոնները, որոնց պետք է համապատասխանեն ավտոմեքենաները և կցասայլերը, համապատասխանեն սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթներին. այդ կանոնները կարող են պարունակել 5-րդ Հավելվածով չնախատեսված դրույթներ` պայմանով, որ այդ դրույթները ոչ մի առումով չեն հակասի 5-րդ Հավելվածով որոշվող անվտանգության սկզբունքներին: Նրանք ձեռնարկում են նաև պատշաճ միջոցներ, որպեսզի իրենց տարածքում գրանցված միջազգային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենաները և կցասայլերը համապատասխանեն սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի դրույթներին:
բ) Ինչ վերաբերում է Պայմանավորվող կողմերի տարածքում գործող կանոններին, ապա այս կետի դրույթներն այդ Կողմերի առջև չեն դնում տեխնիկական այն պայմաններին վերաբերող որևէ պարտավորություն, որոնց պետք է համապատասխանեն այն մեխանիկական փոխադրամիջոցները, որոնք ավտոմեքենաներ չեն` սույն Կոնվենցիայի առնչությամբ:
3. Սույն Կոնվենցիայի 1-ին Հավելվածով նախատեսված շեղումները հաշվի առնելով` Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն ավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են սույն Կոնվենցիայի III գլխում նախատեսված պահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են IV գլխի պա-հանջներին. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև III գլխի դրույթ-ներին համապատասխան տրված գրանցման վկայականները որպես հավաստող ճանաչել, եթե չապացուցվի հակառակը, որ փոխադրամիջոցները, որոնց տրվել են այդ վկայականները, չեն համապատասխանում նշված III գլխի պայմաններին:
4. Այն միջոցները, որոնք Պայմանավորվող կողմերը ձեռնարկել են կամ կձեռնարկեն միակողմանի կարգով կամ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրելու միջոցով՝ սույն Կոնվենցիայի III գլխում նշված բոլոր պայմաններին չբավարարող ավտոմեքենաներին կամ կցասայլերին իրենց տարածքում միջազգային երթևեկության թույլատրելու նպատակով, և, բացի IV գլխում նախատեսված դեպքերից, ընդունելով որևէ այլ Պայմանավորվող կողմի կողմից տրված վարորդական վկայականների գործողությունը իրենց տարածքում, համարվում են սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխանող:
5. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն հեծանիվները և կախովի շարժիչով հեծանիվները, որոնք համապատասխանում են սույն Կոնվենցիայի V գլխում նախատեսված տեխնիկական պայմաններին, և որոնց վարողներն ունեն հիմնական բնակության վայր մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Ոչ մի Պայմանավորվող կողմ չի կարող վարորդական վկայական պահանջել միջազգային երթևեկության մեջ գտնվող հեծանիվների կամ կախովի շարժիչով հեծանիվների վարորդներից. սակայն այն Պայմանավորվող կողմերը, որոնք սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան հայտարարություն կանեն կախովի շարժիչով հեծանիվները մոտոցիկլետներին հավասար համարելու վերաբերյալ, կարող են միջազգային երթևեկության մեջ գտնվող կախովի շարժիչով հեծանիվների վարորդներից պահանջել վարորդական վկայականի առկայություն:
5-բիս. Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ, կանոնավոր և մշտապես, ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումն ապահովելու համար. հատկապես բոլոր մակարդակների դպրոցներում:
5-տեր. Եթե փոխադրամիջոց վարելու ուսուցումը անցկացվում է պրոֆեսիոնալ վարորդներ պատրաստող հիմնարկներում, ապա ազգային օրենսդրությունում պետք է նախատեսվեն ուսումնական կուրսին և այդպիսի ուսուցումը իրականացնող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող նվազագույն պահանջները:
6. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած Պայմանավորվող կողմի, նրա խնդրանքով, տալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է այն անձին պարզելու համար, որի անունով իրենց տարածքում գրանցված է մեխանիկական փոխադրամիջոցը կամ այդպիսի փոխադրամիջոցին կցորդված կցասայլը, եթե ներկայացված խնդրանքում նշված է, որ այդ փոխադրամիջոցը մասնակից է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, կամ այդպիսի փոխադրամիջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել և այդ կապակցությամբ ենթակա է լուրջ պատժի կամ զրկվելու այդպիսի խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրամիջոց վարելու իրավունքից:
7. Սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխանող են համարվում այն միջոցները, որոնք, միջազգային երթևեկությունը հեշտացնելու նպատակով, միակողմանի կարգով կամ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրելու միջոցով Պայմանավորվող կողմերը ձեռնարկել են կամ կձեռնարկեն՝ մաքսային, ոստիկանական, սանիտարական կամ նմանատիպ այլ ընթացակարգերը պարզեցնելու միջոցով, կամ այն միջոցները, որոնք ուղղված են միևնույն սահմանապահ կետում մաքսային բաժանմունքների և կետերի իրավասությունը և աշխատանքի ժամերը համապատասխանեցնելուն:
8. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի դրույթները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմին չեն խոչընդոտում օգտագործելու իր իրավունքը՝ իր տարածքով ավտոմեքենաների, կցասայլերի, կախովի շարժիչով հեծանիվների և հեծանիվների, ինչպես նաև նրանց վարորդներին և ուղևորներին միջազգային երթևեկության թույլատրելը ենթարկելու ուղևորների և բեռների առևտրական փոխադրումների իր կանոններին, վարորդներին քաղաքացիական պատասխանատվությունից ապահովագրելու բնագավառում իր կանոններին և իր մաքսային կանոններին, ինչպես նաև ընդհանրապես ճանապարհային երթևեկությանը չվերաբերող բնագավառներում ցուցումներին: