Հոդված 32. Լապտերներն օգտագործելու պայմանները
Հոդված 32 Լապտերներն օգտագործելու պայմանները
1. Մութն ընկնելուց մինչև լուսաբացն ընկած ժամանակամիջոցում, ինչպես նաև ցանկացած այլ պայմաններում, երբ տեսանելիությունն անբավարար է, օրինակ՝ մառախուղի, ձյուն տեղալու կամ հորդ անձրևի պատճառով, փոխադրամիջոցի վրա պետք է միացված լինեն հետևյալ լապտերները.
ա) մեխանիկական փոխադրամիջոցների և կախովի շարժիչով հեծանիվների հեռու կամ մոտիկ լույսի լապտերը (լապտերները) և հետևի եզրաչափքային լապտերը (հետևի եզրաչափքային լապտերները)՝ կախված սույն Կոնվենցիայով յուրաքանչյուր կարգի փոխադրամիջոցի համար նախատեսվող սարքավորումից,
բ) կցասայլերի վրա՝ դիմացի եզրաչափքային լապտերները, եթե այդպիսի լապտերները նախատեսված են սույն Կոնվենցիայի 5-րդ Հավելվածի 30-րդ կետի դրույթներով, և հետևի՝ երկուսից ոչ պակաս եզրաչափքային լապտերները:
2. Հեռու լույսի լապտերները պետք է անջատվեն, և նրանց փոխարեն պետք է միացվեն մոտիկ լույսի լապտերները հետևյալ դեպքերում.
ա) բնակավայրերում, եթե ճանապարհը բավարար լուսավորված է, և բնակավայրերից դուրս, եթե երթևեկելի մասը հավասարաչափ լուսավորված է, և եթե այդ լուսավորվածությունը բավարար է վարորդի լավ տեսանելիությունը բավարար հեռավորության վրա ապահովելու և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին այդ փոխադրամիջոցը բավարար հեռավորության վրա տեսանելի դարձնելու համար,
բ) հանդիպակաց ուղեբաժանի դեպքում՝ բավարար հեռավորության վրա, որպեսզի չկուրացնի հանդիպակաց փոխադրամիջոցի վարորդին և նրան հնարավորություն տրվի հանգիստ և անվտանգ շարունակել ընթացքը,
գ) ցանկացած այլ պայմանում, երբ պետք է խուսափել ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին կամ ճանապարհի երկայնքով անցնող ջրային կամ երկաթուղուց օգտվողներին կուրացնելուց:
3. Սակայն եթե փոխադրամիջոցը ոչ մեծ հեռավորության վրա ընթանում է մյուս փոխադրամիջոցի հետևից, հեռու լույսի լապտերները, 28-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, կարող են օգտագործվել վազանցի մտադրության մասին լուսային ազդանշան տալու համար:
4. Հակամառախուղային լապտերները կարող են միացվել միայն խիտ մառախուղի, ձյուն տեղալու, հորդ անձրևի կամ նմանատիպ պայմաններում: Ինչ վերաբերում է առջևի հակամառախուղային լապտերներին, ապա նրանք կարող են օգտագործվել նաև մոտիկ լույսի լապտերների փոխարեն: Ազգային օրենսդրությունը կարող է թույլատրել առջևի հակամառախուղային լապտերների և մոտիկ լույսի լապտերների միաժամանակյա միացումը, ինչպես նաև մոտիկ հակամառախուղային լապտերների միացումը նեղ, ոլորապտույտ ճանապարհներին:
5. Առջևի եզրաչափքային լապտերներ ունեցող փոխադրամիջոցների այդպիսի լապտերները պետք է միացվեն հեռու լույսի լապտերների, մոտիկ լույսի լապտերների կամ առջևի հակամառախուղային լապտերների հետ միասին:
6. Ճանապարհով շարժվող ցանկացած մոտոցիկլետի վրա ցերեկային ժամերին առջևից պետք է միացված լինի մոտիկ լույսի առնվազն մեկ լապտեր, իսկ հետևից՝ կարմիր լույսի լապտեր: Ազգային օրենսդրությունը կարող է թույլատրել ցերեկային ընթացքային լապտերների օգտագործումը մոտիկ լույսի լապտերների փոխարեն:
7. Ազգային օրենսդրությունը կարող է ավտոմեքենաների վարորդներին պարտավորեցնել ցերեկային ժամերին կամ մոտիկ լույսի լապտերների, կամ ցերեկային ընթացքային լապտերների միացումը: Այդ դեպքում առջևի լապտերների հետ միասին պետք է միացվեն հետևի եզրաչափքային լապտերները:
8. Մութն ընկնելուց մինչև լուսաբացն ընկած ժամանակամիջոցում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում, երբ տեսանելիությունն անբավարար է, ճանապարհի վրա կանգառի կամ կայանման ժամանակ մեխանիկական փոխադրամիջոցները և նրանց կցասայլերը պետք է նկատելի դարձվեն առջևի և հետևի եզրաչափքային լապտերներով: Խիտ մառախուղի, ձյուն տեղալու, հորդառատ անձրևի և նմանատիպ պայմաններում կարող են միացվել մոտիկ լույսի կամ առջևի հակամառախուղային լապտերները: Այս պայմաններում, ի լրումն հետևի եզրաչափքային լապտերների, կարող են միացվել հետևի հակամառախուղային լապտերները:
9. Որպես շեղում սույն հոդվածի 8-րդ կետի դրույթներից` առջևի և հետևի եզրաչափքային լապտերների փոխարեն բնակավայրերում կարող են միացվել կայանման լապտերները` պայմանով, որ՝
ա) փոխադրամիջոցի երկարությունը չի գերազանցում 6 մ, իսկ լայնությունը՝ 2 մ,
բ) փոխադրամիջոցը կցասայլ չունի,
գ) կայանման լապտերները գտնվում են փոխադրամիջոցի՝ երթևեկելի մասի այն եզրին հակադիր կողմում, որի երկայնքով կանգ է առել կամ կայանման մեջ է գտնվում այդ փոխադրամիջոցը:
10. Որպես շեղում սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի դրույթներից` փոխադրամիջոցը կարող է կանգ առնել կամ գտնվել կայանման մեջ առանց որևէ լապտեր միացնելու՝
ա) ճանապարհի վրա, որը լուսավորված է այնպես, որ փոխադրամիջոցը կարելի է լավ տեսնել բավարար հեռավորությունից,
բ) կարծր ծածկույթով երթևեկելի մասից և ճամփեզրից դուրս,
գ) ակումուլյատորներ չունեցող կախովի շարժիչով հեծանիվներին և առանց սայլակի մոտոցիկլետներին վերաբերող դեպքերում՝ բնակավայրերում, երթևեկելի մասի եզրին մոտ:
11. Ազգային օրենսդրությունը կարող է սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի դրույթներից շեղումներ թույլ տալ բնակավայրերի շատ քիչ երթևեկություն ունեցող փողոցներում կանգ առած կամ կայանման մեջ գտնվող փոխադրամիջոցների նկատմամբ:
12. Հետընթացի լապտերները կարող են միացվել միայն այն դեպքերում, երբ փոխադրամիջոցը շարժվում է կամ մտադրվում է շարժվել հետընթաց:
13. Վթարային ազդանշանը կարող է միացվել միայն ճանապարհից մյուս օգտվողներին վտանգների առանձին տեսակների մասին նախազգուշացնելու համար.
ա) երբ շարքից դուրս եկած կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված փոխադրամիջոցը չի կարող անմիջապես կցաքարշվել և, հետևաբար, խոչընդոտ է հանդիսանում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար,
բ) ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին լուրջ վտանգի մասին նախազգուշացնելու համար:
14. Նախազգուշացնող հատուկ լապտերները`
ա) որոնք ունեն կապույտ գույն, կարող են օգտագործվել միայն այն փոխադրամիջոցների վրա, որոնք օգտվում են անցման առաջնահերթության իրավունքից, և որոնք կատարում են շտապ ուղևորություններ, կամ այլ դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին անհրաժեշտ է նախազգուշացնել այդպիսի փոխադրամիջոցի ներկայության մասին,
բ) որոնք ունեն ավտոդեղին գույն, կարող են օգտագործվել միայն այն դեպքերում, երբ իրենց կառուցվածքով փոխադրամիջոցները նախատեսված են հատուկ խնդիրներ կատարելու համար, ինչի կապակցությամբ նրանք հագեցված են նախազգուշացնող հատուկ լապտերներով, կամ երբ այդպիսի փոխադրամիջոցների ներկայությունը ճանապարհի վրա վտանգ կամ անհարմարություններ է ստեղծում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար:
Ազգային օրենսդրությունը կարող է թույլ տալ այլ գույների նախազգուշացնող լապտերների օգտագործումը:
15. Փոխադրամիջոցը ոչ մի դեպքում չպետք է առջևից կարմիր լույսեր և հետևից սպիտակ լույսեր ունենա` բացառությամբ 5-րդ Հավելվածի 61-րդ կետում նշված դեպքերի: Չի թույլատրվում փոխադրամիջոցի կառուցվածքը փոխել կամ այն լրացուցիչ լապտերներով հագեցնել, ինչը կարող է հակասել այս պահանջին: