Անցնել բովանդակությանը

Հոդված 41. Վարորդական վկայականները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41 Վարորդական վկայականները

1. ա) Ավտոմեքենայի յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա վարորդական վկայական,

բ) Պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում ապահովել, որ վարորդական վկայականները տրվեն վարորդների անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների առկայությունն իրավասու մարմինների կողմից ստուգվելուց հետո միայն,

գ) ազգային օրենսդրությունում պետք է պահանջներ նախատեսվեն վարորդական վկայական ստանալու համար,

դ) սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին արգելող՝ պահանջել այլ մեխանիկական փոխադրամիջոցներ և կախովի շարժիչով հեծանիվներ վարելու իրավունքի վարորդական վկայականների առկայություն:

2. Պայմանավորվող կողմերը կճանաչեն՝

ա) իրենց ազգային լեզվով կամ իրենց ազգային լեզուներից մեկով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ, վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական,

բ) սույն Կոնվենցիայի 6-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական, և

գ) սույն Կոնվենցիայի 7-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդական վկայական`

վավերական իրենց տարածքում` այն ավտոմեքենան վարելու համար, որը համապատասխանում է այն փոխադրամիջոցների տեսակին կամ տեսակներին, որոնք վարելու համար տրվել է վկայականը` պայմանով, որ նշված վկայականը վավերական է, և որ այն տրված է մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից լիազորված միավորման կողմից: Սույն կետի դրույթները չեն կիրառվում աշակերտ-վարորդի վարորդական վկայականի նկատմամբ:

3. Նախորդ կետում պարունակվող դրույթներից անկախ`

ա) եթե վարորդական վկայականի վավերականությունը պայմանավորված է տվյալ անձի կողմից որոշ հարմարանքներ կրել պահանջող կամ, վարորդի հաշմանդամությունը հաշվի առնելով, փոխադրամիջոցի որոշ վերափոխում նախատեսող հատուկ նշումով, այդ վկայականը համարվում է վավերական միայն այդ ցուցումները պահպանելու պայմանով,

բ) Պայմանավորվող կողմերը կարող են իրենց տարածքում վավերական չճանաչել այն վարորդական վկայականը, որի տիրոջ տասնութ տարին չի լրացել,

գ) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է իր տարածքում վավերական չճանաչել սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներում հիշատակված Գ, Դ, Ե (C, D, E) տեսակների ավտոմեքենաներ կամ փոխադրամիջոցների շարժակազմեր վարելու համար տրված վարորդական վկայականները, որոնց տերերի քսանմեկ տարին չի լրացել:

4. Պայմանավորվող կողմերը կարող են իրենց ազգային օրենսդրությունում մտցնել սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներում նշված փոխադրամիջոցների կարգերի ենթաբաժին: Եթե վարորդական վկայականի գործողությունը սահմանափակված է որոշակի փոխադրամիջոցներով՝ որևէ կարգի սահմաններում, ապա կարգը նշող տառին պետք է ավելացվի թիվ. բացի այդ, վարորդական վկայականում պետք է նշվի սահմանափակման բնույթը:

5. Սույն Հավելվածի 2-րդ կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի կիրառման դեպքում՝

ա) սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներում նշված Բ (B) կարգի ավտոմեքենան կարող է քարշակել թեթև կցասայլ. նա կարող է քարշակել նաև կցասայլ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ, բայց չի գերազանցում ավտոմեքենայի զանգվածն առանց բեռի, եթե այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում

3500 կգ,

բ) սույն Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ Հավելվածներում նշված և Դ (C և D) կարգերի ավտոմեքենաները կարող են կցաքարշել թեթև կցասայլ, ընդ որում, այդպիսի շարժակազմը շարունակում է մտնել Գ (C) կարգի կամ Դ (D) կարգի մեջ:

6. Միջազգային վարորդական վկայականը կարող է տրվել միայն սույն Կոնվենցիայում նախատեսված նվազագույն պահանջների հաշվառմամբ տրված ազգային վարորդական վկայականի հիման վրա: Միջազգային վարորդական վկայականը ուժը կորցնում է համապատասխան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո, որի համարը պետք է գրվի միջազգային վարորդական վկայականում:

7. Սույն հոդվածի դրույթները Պայմանավորվող կողմերին չեն պարտավորեցնում՝

ա) վավերական ճանաչել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այն անձանց տրված ազգային կամ միջազգային վարորդական վկայականները, որոնք այդ վկայականները տալու պահին իրենց տարածքում ունեցել են մշտական բնակության վայր, կամ որոնք այդ վկայականը տալուց հետո իրենց տարածք են տեղափոխել մշտական բնակության վայրը,

բ) ճանաչել այն վարորդներին տրված վերոհիշյալ վարորդական վկայականների վավերականությունը, որոնց մշտական բնակության վայրը վկայականը տալու պահին գտնվել է ոչ այն տարածքում, ուր տրվել են վկայականները, կամ որոնք վկայականը տալուց հետո իրենց բնակության վայրը տեղափոխել են այլ տարածք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։