Հոդված 30. Փոխադրամիջոցների բեռը
Հոդված 30 Փոխադրամիջոցների բեռը
1. Եթե փոխադրամիջոցի համար սահմանված է թույլատրելի առավելագույն զանգված, ապա փոխադրամիջոցի զանգվածը բեռի հետ միասին երբեք չպետք է գերազանցի թույլատրելի առավելագույն զանգվածը:
2. Ցանկացած բեռ փոխադրամիջոցի վրա պետք է տեղադրվի և անհրաժեշտության դեպքում ամրացվի այնպես, որ այն՝
ա) վտանգի չենթարկի մարդկանց և վնաս չպատճառի պետական, հասարակական կամ անձնական գույքին, մասնավորապես, չճոճվի և չընկնի ճանապարհի վրա,
բ) չսահմանափակի տեսանելիությունը և տեսադաշտը, չխախտի փոխադրամիջոցի կայունությունը և չդժվարացնի փոխադրամիջոց վարելը,
գ) աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի և չառաջացնի այլ անհարմարություններ, որոնցից կարելի է խուսափել,
դ) չփակի լույսերը (ներառյալ կանգնելու ազդանշանը և շրջադարձի ցուցիչները, լուսանդրադարձիչ հարմարանքները, գրանցման համարները և փոխադրամիջոցը գրանցած պետության տարբերանշանը), որոնք փոխադրամիջոցի վրա պետք է լինեն սույն Կոնվենցիայի կամ ազգային օրենսդրության համապատասխան, կամ չփակի սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կամ 17-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան` ձեռքով տրվող ազդանշանները:
3. Բեռն ամրացնելու և նրա պահպանումն ապահովելու համար օգտագործվող բոլոր լրացուցիչ հարմարանքները (պարաններ, շղթաներ, բրեզենտ) պետք է պինդ ձգվեն և ամուր ամրացվեն: Բեռի պահպանումն ապահովելու համար օգտագործվող բոլոր լրացուցիչ հարմարանքները պետք է բավարարեն սույն հոդվածի 2-րդ կետով բեռին վերաբերող պահանջներին:
4. Փոխադրամիջոցի առջևից, հետևից կամ կողքից դուրս եկած բեռը պետք է նկատելի դարձնել բոլոր այն դեպքերում, երբ այն կարող է չնկատվել այլ փոխադրամիջոցների վարորդների կողմից. գիշերն այդ ազդանշանումը առջևից իրագործվում է սպիտակ լապտերի և սպիտակ լուսանդրադարձիչ հարմարանքի օգնությամբ, իսկ հետևից՝ կարմիր լապտերի և կարմիր լուսանդրադարձիչ հարմարանքի օգնությամբ: Մասնավորապես, մեխանիկական փոխադրամիջոցի վրա՝
ա) հետևից կամ առջևից փոխադրամիջոցի սահմաններից ավելի քան 1 մ դուրս եկած բեռները միշտ պետք է նկատելի լինեն,
բ) փոխադրամիջոցի կողքից դուրս եկած բեռները, որոնց եզրային կետը լայնքով գտնվում է փոխադրամիջոցի լապտերիկի արտաքին եզրից 0.40 մ-ից ավելի հեռավորության վրա, գիշերը պետք է առջևից նկատելի դարձվեն. համանման կերպով գիշերը պետք է հետևից նկատելի դարձվեն այն բեռները, որոնք դուրս են եկած փոխադրամիջոցից այնպես, որ իրենց եզրային կետը լայնքով գտնվում է փոխադրամիջոցի հետևի եզրաչափքային (գաբարիտային) կարմիր լապտերիկի արտաքին եզրից 0.40 մ-ից ավելի հեռավորության վրա:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին խոչընդոտող՝ արգելելու, սահմանափակելու կամ հատուկ թույլտվություն տալու փոխադրամիջոցից դուրս եկող` 4-րդ կետում նշված բեռների փոխադրումը: