Հոդված 6. Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց ազդանշանները
Հոդված 6 Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց ազդանշանները
1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձինք պետք է հեռվից լավ տարբերվող և տեսանելի լինեն ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:
2. Ճանապարհից օգտվողները պետք է անհապաղ կատարեն ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց ցանկացած ցուցումը:
3. Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց ցուցումներ համարվեն, մասնավորապես, ներքոհիշյալ ազդանշանները.
ա) ուղղաձիգ վեր բարձրացրած ձեռք. այս ժեստը ճանապարհից բոլոր օգտվողների համար նշանակում է «ուշադրություն, կանգ առ», բացի այն վարորդներից, որոնք արդեն չեն կարող կանգնել բավարար անվտանգություն ապահովելով. բացի այդ, եթե այդ ազդանշանը տրվում է խաչմերուկում, արդեն խաչմերուկ մուտք գործած վարորդը կարող է շարունակել շարժումը,
բ) հորիզոնական պարզած ձեռք կամ ձեռքեր. այս ժեստը նշանակում է «կանգ առ» ճանապարհից բոլոր այն օգտվողների համար, որոնք, անկախ իրենց շարժման ուղղությունից, շարժվում են երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձի պարզած ձեռքին կամ ձեռքերին ուղղահայաց ուղղություններով. այդ ազդանշանը տալուց հետո կարգավորողը կարող է վայր իջեցնել ձեռքը կամ ձեռքերը. այն վարորդների համար, դեպի որոնց նա շրջված է կրծքով կամ մեջքով, այդ դիրքը նույնպես նշանակում է «կանգ առ» ազդանշանը,
գ) կարմիր լույսի ճոճում. այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան ճանապարհից բոլոր այն օգտվողների համար, դեպի որոնց ուղղված է այդ լույսը:
4. Ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար լիազորված անձանց ազդանշանները գերակայում են ճանապարհային նշանների ու ազդանշանների և ճանապարհային լուսային ազդանշանների կամ ճանապարհի գծանշման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ: