Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1 Սահմանումներ

Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս ներքոհիշյալ տերմիններն ունեն այն նշանակությունը, որը նրանց տրվում է սույն հոդվածում.

ա) Պայմանավորվող կողմի «ազգային օրենսդրություն» տերմինը նշանակում է` ազգային կամ տեղական օրենքների և կանոնների համակցություն, որոնք գործում են այդ Պայմանավորվող կողմի տարածքում,

բ) փոխադրամիջոցը համարվում է որևէ պետության տարածքում «միջազգային երթևեկության» մեջ գտնվող, եթե նա՝

i) պատկանում է տվյալ պետությունից դուրս մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի,

ii) գրանցված չէ այդ պետությունում,

iii) ժամանակավոր է բերված այնտեղ,

սակայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի «միջազգային երթևեկության» մեջ գտնվող չհամարել ցանկացած փոխադրամիջոց, որը նրա տարածքում է մնացել մեկ տարուց ավելի՝ առանց զգալի ընդմիջման, որի տևողությունը կարող է սահմանվել տվյալ Պայմանավորվող կողմի կողմից:

Փոխադրամիջոցների շարժակազմը համարվում է «միջազգային երթևեկության» մեջ գտնվող, եթե շարժակազմի փոխադրամիջոցներից առնվազն մեկը համապատասխանում է այս սահմանմանը,

գ) «բնակավայր» տերմինը նշանակում է` կառուցապատված տարածք, դեպի ուր փոխադրամիջոցների մուտքերը և այդ տարածքից նրանց ելքերը հատուկ նշված են համապատասխան նշաններով, կամ որը որևէ այլ կերպ սահմանված է ազգային օրենսդրության մեջ,

դ) «ճանապարհ» տերմինը նշանակում է` երթևեկության համար բաց ցանկացած ճանապարհի կամ փողոցի ամբողջ օտարված հողաշերտեր,

ե) «ճանապարհի երթևեկելի մաս» տերմինը նշանակում է` ճանապարհի հիմնականում փոխադրամիջոցների երթևեկության համար սովորաբար օգտագործվող մաս. ճանապարհը կարող է ունենալ հստակ, մասնավորապես երկայնական գոտիով սահմանազատված կամ տարբեր մակարդակների վրա գտնվող մի քանի երթևեկելի մասեր,

զ) երթևեկելի մասում, որտեղ երթևեկության եզրային գոտին կամ գոտիները կամ հեծանվաուղյակը նախատեսված են որոշակի փոխադրամիջոցների երթևեկության համար, «երթևեկելի մասի եզր» տերմինը ճանապարհից մյուս օգտվողների համար նշանակում է` ճանապարհի մնացած մասի եզր,

է) «երթևեկության գոտի» տերմինը նշանակում է` ճանապարհի գծանշումով նշված կամ չնշված գոտիներից ցանկացածը, որոնք կարելի է բաժանել ճանապարհի երթևեկելի մասը, սակայն որոնք ունեն այնպիսի լայնություն, որը բավարար է ավտոմեքենաների (ոչ մոտոցիկլետների) մի շարքով երթևեկելու համար,

ը) «խաչմերուկ» տերմինը նշանակում է` նույն մակարդակի վրա ճանապարհների ցանկացած հատում, նրանց միացում կամ ճյուղավորում (ներառյալ այդպիսի հատումների, միացումների կամ ճյուղավորումների տարածքը),

թ) «երկաթուղային գծանց» տերմինը նշանակում է` երկաթուղու կամ տրամվայի անկախ պաստառ ունեցող ուղիների հետ ճանապարհի նույն մակարդակի վրա ցանկացած հատում,

ժ) «ավտոմայրուղի» տերմինը նշանակում է` հատուկ կառուցված և ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված ճանապարհ, որը չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները, և որը՝

i) բացառությամբ առանձին տեղերի կամ ժամանակավոր կարգով շարժման` երկու ուղղությունների համար ունի առանձին երթևեկելի մասեր, որոնք միմյանցից բաժանված են երթևեկելու համար չնախատեսված բաժանիչ գոտիով կամ, բացառիկ դեպքերում, այլ միջոցներով,

ii) չունի նույն մակարդակի վրա գտնվող հատումներ ոչ ճանապարհների, ոչ երկաթուղու կամ տրամվայի գծուղիների, ոչ էլ հետիոտների համար նախատեսված անցումների հետ,

iii) հատուկ նշված է որպես ավտոմայրուղի,

ժա) փոխադրամիջոցը համարվում է՝

i) «կանգնեցված», եթե այն բերված է անշարժ վիճակի այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է մարդկանց նստելու կամ իջնելու կամ բեռնելու կամ բեռնաթափելու համար,

ii) «կանգառում գտնվող», եթե այն բերված է անշարժ վիճակի ոչ ճանապարհից այլ օգտվողի հետ ընդհարվելուց կամ ինչ-որ խոչընդոտի հանդիպելուց խուսափելու կամ երթևեկության կանոնները կատարելու պատճառով, և եթե նրա կայանելը չի սահմանափակվում այն ժամանակամիջոցով, որն անհրաժեշտ է մարդկանց նստելու կամ իջնելու կամ բեռնելու կամ բեռնաթափելու համար:

Սակայն Պայմանավորվող կողմերը կարող են «կանգ առած» համարել այն փոխադրամիջոցները, որոնք անշարժ վիճակի են բերվել վերոհիշյալ ii ենթակետում սահմանված պայմաններում, եթե այդ վիճակի տևողությունը չի գերազանցում ազգային օրենսդրությամբ սահմանված ժամանակամիջոցը, և կարող են համարել «կանգառում գտնվող» այն փոխադրամիջոցները, որոնք անշարժ վիճակի են բերվել վերոհիշյալ i ենթակետում սահմանվող պայմաններում, եթե այդ վիճակի տևողությունը գերազանցում է ազգային օրենսդրությամբ նախատեսված ժամանակամիջոցը,

ժբ) «հեծանիվ» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրամիջոց, որն ունի առնվազն երկու անիվ և շարժման մեջ է դրվում բացառապես այդ փոխադրամիջոցի վրա գտնվող անձանց մկանային էներգիայի միջոցով, մասնավորապես, ոտնակների կամ ղեկալծակների օգնությամբ,

ժգ) «կախովի շարժիչով հեծանիվ» տերմինը նշանակում է` ցանկացած երկանիվ կամ եռանիվ փոխադրամիջոց, որը համալրված է 50 սմ3-ը չգերազանցող ծավալ ունեցող գլանով ներքին այրման շարժիչով, և որի առավելագույն նախագծային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժամ-ը (30 մղոն/ժամ-ը). սակայն Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, կարող են կախովի շարժիչով հեծանիվ չհամարել այն փոխադրամիջոցները, որոնք, իրենց օգտագործման հնարավորությունների առումով, չունեն հեծանիվների բնութագրեր, մասնավորապես, ոտնակներով շարժման մեջ դնելու հնարավորություն, կամ որոնք իրենց առավելագույն նախագծային արագությամբ, զանգվածով կամ շարժիչի որոշ բնութագրերով գերազանցում են որոշված սահմանները: Սույն սահմանման ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին խոչընդոտող հանգամանք ճանապարհային երթևեկությանը վերաբերող իրենց ազգային օրենսդրության դրույթները կիրառելիս կախովի շարժիչով հեծանիվները ամբողջովին հավասարեցնել հեծանիվներին,

ժդ) «մոտոցիկլետ» տերմինը նշանակում է` շարժիչ ունեցող ցանկացած երկանիվ փոխադրամիջոց՝ սայլակով կամ առանց դրա: Պայմանավորվող կողմերն իրենց ազգային օրենսդրությամբ կարող են մոտոցիկլետներին հավասար համարել այն եռանիվ փոխադրամիջոցները, որոնց զանգվածն առանց բեռի չի գերազանցում 400 կգ-ը: «Մոտոցիկլետ» տերմինը չի ներառում կախովի շարժիչով հեծանիվները, սակայն Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, համապատասխան հայտարարություն անելու պայմանով, կարող են սույն Կոնվենցիայի կիրառման ընթացքում կախովի շարժիչով հեծանիվները հավասար համարել մոտոցիկլետներին,

ժե) «մեխանիկական փոխադրամիջոց» տերմինը նշանակում է` ցանկացած ինքնաշարժ ճանապարհային փոխադրամիջոց` բացառությամբ կախովի շարժիչով հեծանիվների՝ այն Պայմանավորվող կողմերի տարածքում, որոնք հեծանիվները հավասար չեն համարում մոտոցիկլետներին, և բացառությամբ ռելսային փոխադրամիջոցների,

ժզ) «ավտոմեքենա» տերմինը նշանակում է` մեխանիկական փոխադրամիջոց, որը սովորաբար օգտագործվում է ճանապարհներով մարդկանց կամ բեռներ տեղափոխելու համար կամ մարդկանց կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվող փոխադրամիջոցներ ճանապարհներով քարշակելու համար: Այս տերմինը ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդչով միացված ոչ ռելսավոր փոխադրամիջոցները. այս տերմինը չի ներառում այնպիսի փոխադրամիջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհներով մարդկանց կամ բեռներ տեղափոխելու համար կամ մարդկանց կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվող փոխադրամիջոցներ ճանապարհներով քարշակելու համար հանդիսանում է միայն լրացուցիչ գործառույթ,

ժէ) «կցասայլ» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրամիջոց, որը նախատեսված է մեխանիկական փոխադրամիջոցով քարշակվելու համար. այդ տերմինը ներառում է նաև կիսակցասայլերը,

ժը) «կիսակցասայլ» տերմինը նշանակում է` ցանկացած կցասայլ, որը նախատեսված է ավտոմեքենային կցվելու համար այնպես, որ նրա մասը հենվի ավտոմեքենային, և վերջինս իր վրա կրի կիսակցասայլի և նրա բեռի զանգվածի զգալի մասը,

ժթ) «թեթև կցասայլ» տերմինը նշանակում է` ցանկացած կցասայլ, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը,

ի) «փոխադրամիջոցների շարժակազմ» տերմինը նշանակում է` կցված փոխադրամիջոցներ, որոնք ճանապարհային երթևեկությանը մասնակցում են որպես մի ամբողջություն,

իա) «կիսակցասայլով փոխադրամիջոց» տերմինը նշանակում է` ավտոմեքենայով և նրան կցված կիսակցասայլով շարժակազմ,

իբ) «վարորդ» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր անձ, որը վարում է փոխադրամիջոցը, ավտոմեքենան և այլն (ներառյալ հեծանիվները) կամ ճանապարհով անասուն, հոտեր, լծկան, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ է տանում,

իգ) «թույլատրելի առավելագույն զանգված» տերմինը նշանակում է` բեռնավորված փոխադրամիջոցի առավելագույն զանգված` թույլատրելի հայտարարված այն պետության լիազորված մարմնի կողմից, որում գրանցված է փոխադրամիջոցը,

իդ) «առանց բեռի զանգված» տերմինը նշանակում է` փոխադրամիջոցի զանգվածն առանց անձնակազմի, ուղևորների և բեռի, սակայն վառելանյութի լրիվ պաշարով և անհրաժեշտ գործիքների լրակազմով,

իե) «բեռով զանգված» տերմինը նշանակում է` բեռնավորված փոխադրամիջոցի, անձնակազմի և ուղևորների փաստացի զանգված,

իզ) «շարժման ուղղություն» և «շարժման ուղղությանը համապատասխանող» տերմինները նշանակում են աջ կողմ, եթե, ազգային օրենսդրության համապատասխան, փոխադրամիջոցի վարորդը այլ փոխադրամիջոցի հանդիպելիս պետք է այն բաց թողնի ձախ կողմից. հակառակ դեպքում այդ տերմինները նշանակում են ձախ կողմ,

իէ) ցուցում վարորդին` «ճանապարհը զիջել» այլ փոխադրամիջոցներին նշանակում է, որ վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ որևէ մանևր կատարի, եթե դա կարող է այլ փոխադրամիջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։