Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կանգառը և կայանելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23 Կանգառը և կայանելը

1. Բնակավայրերից դուրս կանգ առնող կամ կանգառում գտնվող փոխադրամիջոցները և կենդանիները հնարավորության դեպքում պետք է գտնվեն երթևեկելի մասից դուրս: Բնակավայրերում և նրանցից դուրս նրանք չպետք է գտնվեն հեծանիվների ուղյակների, մայթերի կամ հետիոտների երթևեկության համար նախատեսված ճամփեզրերի վրա` բացառությամբ ազգային օրենսդրությամբ թույլատրված դեպքերի:

2. ա) Երթևեկելի մասում կանգ առնող կամ կանգառում գտնվող կենդանիները և փոխադրամիջոցները պետք է գտնվեն երթևեկելի մասի եզրին հնարավորինս մոտ: Երթևեկելի մասում վարորդը կարող է կանգ առնել կամ փոխադրամիջոցը կանգառում կանգնեցնել միայն իր շարժման ուղղությանը համապատասխանող կողմում. սակայն կանգառը կամ կայանելը թույլատրվում են երթևեկելի մասի մյուս կողմում, եթե ռելսուղիների առկայության պատճառով հնարավոր չէ կանգ առնել շարժման ուղղությանը համապատասխանող կողմում: Բացի այդ, Պայմանավորվող կողմերը կամ նրանց տարածքային ստորաբաժանումները կարող են՝

i) որոշակի պայմաններում, օրինակ, երբ շարժման ուղղությանը համապատասխանող կողմում կան կանգառն արգելող ճանապարհային նշաններ, կանգառը կամ կայանելը թույլատրել ճանապարհի երթևեկելի մասի մյուս կողմում,

ii) միակողմանի շարժումով ճանապարհի երթևեկելի մասում կանգառը և կայանելը թույլատրել միայն մյուս կողմում կամ նաև միաժամանակ շարժման ուղղությանը համապատասխանող կողմում,

iii) կանգառը և կայանելը թույլատրել երթևեկելի մասի մեջտեղում՝ հատուկ նշված տեղերում:

բ) Ազգային օրենսդրությունում այլ դրույթների բացակայության դեպքում փոխադրամիջոցները, բացառությամբ երկանիվ հեծանիվների, կախովի շարժիչով երկանիվ հեծանիվների և առանց սայլակի մոտոցիկլետների, երթևեկելի մասում չպետք է կանգ առնեն կամ կայանման մեջ գտնվեն երկու շարքով: Կանգ առած կամ կայանման մեջ գտնվող փոխադրամիջոցները պետք է դասավորվեն երթևեկելի մասի եզրին զուգահեռ` բացառությամբ այն տեղերի, որոնց դիրքը (կոնֆիգուրացիան) փոխադրամիջոցներին այլ դասավորության հնարավորություն է տալիս:

3. ա) Ճանապարհի երթևեկելի մասի վրա ցանկացած կանգառը կամ կայանելն արգելվում է՝

i) հետիոտների համար նախատեսված անցումներում, հեծանվորդների համար նախատեսված անցումներում և երկաթուղային գծանցերում,

ii) տրամվայի և երկաթուղային ուղեգծերի վրա, որոնք անցնում են ճանապարհով, կամ այդ ուղեգծերին այնքան մոտ, որ տրամվայների կամ գնացքների շարժումը կարող է դժվարանալ, ինչպես նաև մայթերի և հեծանիվների ուղյակների վրա՝ Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին հակադիր դրույթներ նախատեսելու հնարավորություն ընձեռելու պայմանով:

բ) Փոխադրամիջոցի ցանկացած կանգառը և կայանելն արգելվում է բոլոր տեղերում, ուր այն կարող է վտանգ ստեղծել, մասնավորապես՝

i) էստակադների տակ և թունելներում՝ բացառությամբ հատուկ նշված տեղերի,

ii) ճանապարհի երթևեկելի մասում՝ բեկումներին մոտ, կամ շրջադարձերում, երբ ճանապարհի այդ հատվածում, փոխադրամիջոցների արագությունը հաշվի առնելով, տեսանելիությունն անբավարար է փոխադրամիջոցն անվտանգ շրջանցելու համար,

iii) ճանապարհի երթևեկելի մասում, որտեղ տարածությունը երկայնական գծանշանի (որը արգելում է դուրս գալ իրենից) և կանգնած փոխադրամիջոցի միջև 3 մետրից (10 ֆուտ) պակաս է, և եթե այդ դեպքում չի կիրառվում սույն կետի «բ» կետի ii ենթակետի դրույթը,

iv) այն տեղերում, որտեղ փոխադրամիջոցը ճանապարհից օգտվողներից կփակի ճանապարհային նշանը կամ լուսային ճանապարհային ազդանշանը,

v) դանդաղընթաց փոխադրամիջոցների շարժման լրացուցիչ գոտում, որը ցույց է տրված նշանով:

գ) Ճանապարհի երթևեկելի մասի վրա փոխադրամիջոցի ցանկացած կայանելն արգելվում է՝

i) երկաթուղային գծանցերին, խաչմերուկներին և ավտոբուսի, տրոլեյբուսի կամ ռելսավոր փոխադրամիջոցների կանգառներին մոտ՝ ազգային օրենսդրությամբ սահմանված հեռավորությունների վրա, դարպասների ելքերի դիմաց,

ii) դարպասների ելքերի դիմաց,

iii) բոլոր այն տեղերում, որտեղ կայանած փոխադրամիջոցը կխանգարի իր հիմնական կայանատեղ մտնող կամ այնտեղից դուրս եկող այլ փոխադրամիջոցի,

iv) շարժման երեք գոտիներից բաղկացած ճանապարհի երթևեկելի մասի կենտրոնական գոտում և բնակավայրերից դուրս այն ճանապարհների երթևեկելի մասում, որոնք նշված են համապատասխան նշաններով կամ ազդանշաններով` որպես գլխավոր ճանապարհ:

4. Վարորդն իր փոխադրամիջոցը, իսկ անասնավարն իր կենդանիները չպետք է թողնի` առանց ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկելու, իսկ եթե խոսքը վերաբերում է ավտոմեքենային՝ որպեսզի թույլ չտրվի նրա օգտագործումն առանց համապատասխան թույլտվության:

5. Խորհուրդ է տրվում ազգային օրենսդրությունում նախատեսել, որ ճանապարհի երթևեկելի մասում բնակավայրից դուրս կանգ առած յուրաքանչյուր մեխանիկական փոխադրամիջոց (ոչ կախովի շարժիչով երկանիվ հեծանիվ կամ առանց սայլակի երկանիվ մոտոցիկլետ), ինչպես նաև քարշիչի հետ միացված կամ չմիացված յուրաքանչյուր կցասայլ մոտեցող վարորդներին ժամանակին նախազգուշացնելու համար պետք է նկատելի դարձվեն որոշ հեռավորության վրա` առավել հարմար տեղում դրված առնվազն մեկ սարքով`

ա) եթե փոխադրամիջոցը երթևեկելի մասի վրա կանգ է առել գիշերը` այնպիսի պայմաններում, որ մոտեցող վարորդները չեն կարող այն նկատել,

բ) եթե այլ դեպքերում վարորդը ստիպված է փոխադրամիջոցը կանգնեցնել այն տեղում, որտեղ կանգառն արգելված է:

6. Սույն հոդվածի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող կողմերին կամ նրանց տարածքային ստորաբաժանումներին խոչընդոտող՝ նախատեսելու կանգառի կամ կայանելու այլ արգելքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։