Հոդված 92. Վտարումը` քաղաքացիներին մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով
Հոդված 92. Վտարումը` քաղաքացիներին մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով
Մեկ այլ բնակելի տարածության հատկացումով կարող են վտարվել` այն բանվորներն ու ծառայողները (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին), ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները բնակելի տարածություն հատկացրած` ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ, սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի, կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար, կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ: խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` այդպիսի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակները հաստատում են ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը.
կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություն ստացած քաղաքացիները, եթե նրանք հեռացվել են կոլտնտեսության անդամությունից կամ դուրս են եկել կոլտնտեսությունից սեփական ցանկությամբ:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Միության օրենսդրությամբ կարող են նախատեսվել այլ բնակելի տարածություն հատկացնելով քաղաքացիների վտարման նաև ուրիշ դեպքեր:
հոդված 93. Վտարման կապակցությամբ քաղաքացիներին մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելը
Սույն օրենսգրքի 92 հոդվածի հիման վրա վտարման կապակցությամբ քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածությունները պետք է համապատասխանեն սանիտարական ու տեխնիկական պահանջներին և գտնվեն բնակավայրի շրջագծում:
Վտարվողին հատկացվող բնակելի տարածությունը պետք է նշված լինի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալին վտարելու մասին դատարանի վճռում:
հոդված 94. Վտարումը` առանց քաղաքացիներին այլ բնակելի տարածություն հատկացնելու
Եթե վարձակալը, նրա ընտանիքի անդամները կամ նրա հետ համատեղ բնակվող մյուս անձինք սիստեմատիկաբար քայքայում կամ փչացնում են բնակելի տարածությունը կամ այն օգտագործում են ոչ նպատակին կամ սիստեմատիկաբար խախտելով սոցիալիստական համակեցության կանոնները, ուրիշների համար անհնարին են դարձնում նրանց հետ մեկ բնակարանում կամ մեկ տան մեջ բնակվելը, իսկ նախազգուշացման և հասարակական ներգործության միջոցներն ապարդյուն են եղել, ապա վարձատուի կամ այլ շահագրգռված անձանց պահանջով մեղավորների վտարումը կատարվում է առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու: Առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու կարող են վտարվել նաև ծնողական իրավունքներից զրկված անձինք, եթե անհնարին է ճանաչված այն երեխաների հետ նրանց համատեղ բնակությունը, որոնց նկատմամբ նրանք զրկված են ծնողական իրավունքներից:
Համատեղ բնակության անհնարինության պատճառով առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու վտարման ենթակա անձինք կարող են դատարանի կողմից պարտավորեցվել վտարման փոխարեն կատարելու զբաղեցրած տարածության փոխանակում մեկ այլ, փոխանակմամբ շահագրգռված կողմի մատնանշած բնակելի տարածության հետ: