Հոդված 88. Բնակելի տարածության հատկացումը` տան (բնակելի տարածության) քանդման կամ վերասարքավորման կապակցությամբ
Հոդված 88. Բնակելի տարածության հատկացումը` տան (բնակելի տարածության) քանդման կամ վերասարքավորման կապակցությամբ
Եթե տունը, որտեղ գտնվում է բնակելի տարածությունը, ենթակա է քանդման պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցվելու կապակցությամբ, ինչպես նաև եթե տունը (բնակելի տարածությունը) ենթակա է վերասարքավորման ոչ բնակելիի, այդ տնից (բնակելի տարածությունից) վտարվող քաղաքացիներին հատկացվում է մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն այն պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության կողմից, որին հատկացվում է հողամասը կամ որին հանձնվում է այն տունը (բնակելի տարածությունը), որը ենթակա է վերասարքավորման ոչ բնակելիի:
Տունը քանդելու այլ դեպքերում այդ տներից վտարվող քաղաքացիներին հատկացվում է մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն այն պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության կողմից, որին պատկանում է քանդման ենթակա տունը, իսկ այդ կազմակերպության կողմից այլ բնակելի տարածություն հատկացվելու անհնարինության դեպքում` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
հոդված 89. Բնակելի տարածության հատկացումը` փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներից վտարելու կապակցությամբ
Եթե տունը (բնակելի տարածությունը) փլուզման սպառնալիքի տակ է, այդ տնից (բնակելի տարածությունից) վտարվող քաղաքացիներին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն է հատկացվում պատգամավորների տեղական խորհրդի տանը կամ համապատասխան պետական, կոոպերատիվ կամ այլ հասարակական կազմակերպության տանը:
հոդված 90. Զինվորական ավաններից վտարումը` մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով
ԽՍՀՄ զինված ուժերի սպաները, պրապորշչիկները և միչմանները, գերակետիկ ծառայության զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ովքեր իսկական զինվորական ծառայությունից պաշտոնաթող են արվել կամ պահեստի են արձակվել, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող անձինք կարող են վտարվել զինվորական ավաններում իրենց զբաղեցրած բնակելի տարածություններից` մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով: Նույն կարգով զինվորական ավաններից վտարման են ենթակա մյուս այն անձինք, ովքեր կորցրել են կապը ԽՍՀՄ զինված ուժերի հետ: