Հոդված 172
Հոդված 172.
Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակարգի հսկողության տակ: Սենյակի դուռը պետք է սարքավորված լինի դեպի գնդի հերթապահի սենյակը դուրս բերվող էլեկտրոնաձայնային ազդանշանիչով, ունենա դիտապատուհան և բացվի դեպի շինության ներսը (դեպի կողք տեղաշարժվի): Թույլատրվում է դռան կամ շարժական պատի վրա մետաղյա ճաղացանցի տեղադրում:
Գնդացիրները, ավտոմատները, կարաբինները, հրացանները և ձեռքի նռնականետերը, ինչպես նաև գնդացիրների պահեստային փողերը, սվին-դանակները (սվինները) պետք է պահվեն զինադարակում, իսկ ատրճանակներն ու զինամթերքը` կողպեքով փակվող մետաղյա պահարաններում կամ դարակներում: Զինադարակներում են պահվում նաև հետևակային բահերը և հակագազերը:
Ուսումնական զենքը և ուսումնական զինամթերքը պետք է պահվի մարտականից անջատ: Առանձին զինադարակի բացակայության դեպքում թույլատրվում է ուսումնական զենքը պահել մարտականի հետ և այդ դեպքում նրա պահպանման տեղը նշվում է «Ուսումնական զենք» մակագրությամբ: Ուսումնական ատրճանակները պահվում են ստորաբաժանման զինվորների ու սերժանտների մարտական ատրճանակների հետ: Մարզական զենքը պահվում է մարտականի հետ: Դրա պահպանման տեղը նշվում է «Մարզական զենք» մակագրությամբ: Ուսումնական և մարզական զենքի և ուսումնական փամփուշտների բացթողումը կատարվում է նույն կերպ, ինչպես և մարտական զենքինն ու զինամթերքինը: