Հոդված 28
Հոդված 28
Մերժման հիմքերը
1. Սույն բաժնով նախատեսված համագործակցությունը կարող է մերժվել, եթե.
ա) հայցվող գործողությունը հակասում է հարցում ստացող Կողմի իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, կամ
բ) հարցման պահանջի կատարումը կարող է որևէ կերպ սպառնալ հարցում ստացող Կողմի ինքնիշխանությունը, անվտանգությունը, հասարակական կարգը կամ այլ էական շահերը, կամ
գ) հարցում ստացող Կողմի կարծիքով՝ հայցվող գործողությունների ձեռնարկումը արդարացված չէ հարցման մեջ նշված դեպքի առնչությամբ, կամ
դ) հարցման մեջ նշված հանցանքը ֆինանսահարկային իրավախախտում է` բացառությամբ ահաբեկչության ֆինանսավորման դեպքի,
ե) հարցման մեջ նշված հանցանքը քաղաքական իրավախախտում է` բացառությամբ ահաբեկչության ֆինանսավորման դեպքի, կամ
զ) հարցում ստացած Կողմը գտնում է, որ հայցվող գործողության կատարումը կհակասի ոe bis iո idem սկզբունքին, կամ
է) հարցման մեջ նշված իրավախախտումը, հարցումը ստացած Կողմի օրենսդրության համաձայն, հանցագործություն չէր համարվի եթե կատարված լիներ այդ Կողմի տարածքում: Սակայն մերժման այդ հիմքը 2-րդ բաժնով նախատեսված համագործակցության նկատմամբ կիրառելի է այնքանով, որքանով հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն: Այն դեպքում, երբ սույն բաժնով նախատեսված համագործակցության համար պահանջվում է երկակի քրեականացում, այդ պահանջը պետք է համարվի բավարարված` անկախ նրանից` երկու Կողմերը այդ իրավախախտումը դասում են հանցանքների միևնույն կատեգորիայում կամ հանցանքը որակում են միևնույն տերմիններով, թե ոչ` այն պայմանով, որ երկու Կողմերն էլ քրեականացնում են հանցանքի հիմքում ընկած արարքը:
2. Սույն բաժնի 2-րդ ենթաբաժնով նախատեսված համագործակցությունը, այնքանով, որքանով հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն, ինչպես նաև 3-րդ բաժնով սահմանված համագործակցությունը նույնպես կարող են մերժվել, եթե հետաքննության կամ դատավարության նպատակների համար հայցվող միջոցները, ըստ հարցում ստացած Կողմի երկրի օրենսդրության, հնարավոր չէր լինի ձեռնարկել մեկ այլ համանման գործի նկատմամբ, որը կքննվեր տվյալ երկրում:
3. Հարցում ստացող Կողմի օրենսդրությամբ պահանջվելու դեպքում սույն բաժնի 2-րդ ենթաբաժնով նախատեսված համագործակցությունը, այնքանով, որքանով հայցվող աջակցությունը ներառում է հարկադիր գործողություն, ինչպես նաև 3-րդ բաժնով սահմանված համագործակցությունը նույնպես կարող են մերժվել, եթե հայցվող միջոցները կամ համանման ազդեցություն ունեցող այլ միջոցները թույլատրելի չեն հարցում ներկայացնող Կողմի օրենսդրությամբ, կամ, եթե հարցումը վերաբերում է ներկայացնող Կողմի իրավասու մարմիններին, հարցումը լիազորված չէ դատավորի կամ որևէ այլ դատական մարմնի կողմից, ներառյալ հանրային դատախազությունը, որոնք ունեն քրեական հանցանքների ոլորտին առնչվող իրավասություններ:
4. Սույն բաժնի 4-րդ ենթաբաժնով նախատեսված համագործակցությունը կարող է մերժվել նաև, եթե.
ա) հարցում ստացող Կողմի օրենսդրությամբ հարցման մեջ նշված հանցատեսակի համար բռնագրավում չի նախատեսվում, կամ
բ) չխախտելով 23-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտավորությունը` այն կհակասեր հարցում ստացող Կողմի` բռնագրավման սահմանափակումներին առնչվող ներքին օրենսդրության սկզբունքներին հանցանքի և հետևյալի հարաբերակցության իմաստով`
i) տնտեսական շահը, որը կարող է որակվել իբրև այդ հանցանքի եկամուտ, կամ
ii) գույքը, որը կարող է որակվել իբրև այդ հանցանքի գործիք, կամ
գ) հարցում ստացող Կողմի օրենսդրության համաձայն` բռնագրավում այլևս չի կարող սահմանվել կամ իրականացվել վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, կամ
դ) չխախտելով 23-րդ հոդվածի 5-րդ կետը` հարցումը չի վերաբերում նախորդող դատավճռին կամ դատական բնույթի որոշմանը կամ այդպիսի որոշման մեջ ներառված պնդմանն առ այն, որ տեղի է ունեցել մեկ կամ մի քանի հանցանք, որի հիման վրա տրվել է բռնագրավում իրականացնելու լիազորագիր կամ այդպիսի բռնագրավում է հայցվել, կամ
ե) հարցում ներկայացնող Կողմի երկրում բռնագրավումն իրագործելի չէ, կամ այն դեռևս ենթակա է բողոքարկման սովորական միջոցների, կամ
զ) հարցումը վերաբերում է բռնագրավման լիազորագրին, որը տրվել է այն անձի բացակայությամբ հրապարակված որոշման հիման վրա, որի նկատմամբ սահմանվել է բռնագրավումը, և, ըստ հարցում ստացող Կողմի, հարցում ներկայացնող Կողմի իրականացրած և այդպիսի որոշման հանգեցրած դատավարության ընթացքում չեն ապահովվել քրեական հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի համար վերապահված պաշտպանության նվազագույն իրավունքները:
5. Սույն հոդվածի 4.զ կետի նպատակներով որոշումը անձի բացակայությամբ չի համարվում ընդունված, եթե.
ա) այն հաստատվել կամ հրապարակվել է շահագրգիռ անձի առարկությունից հետո, կամ
բ) այն հրապարակվել է բողոքարկումից հետո` այն պայմանով, որ բողոքարկումը ներկայացված է եղել շահագրգիռ անձի կողմից:
6. Սույն հոդվածի 4.զ կետի նպատակներով՝ պաշտպանության նվազագույն իրավունքները պահպանված լինելու հարցը քննարկելիս հարցում ստացող Կողմը պետք է հաշվի առնի այն փաստը, թե արդյոք շահագրգիռ անձը միտումնավոր կերպով փորձել է խուսափել արդարադատությունից, ինչպես նաև այն, թե արդյոք այդ անձը, հնարավորություն ունենալով դիմել դատարան իր բացակայությամբ կայացված որոշումը բողոքարկելու հարցով, նախընտրել է դա չանել: Նույնը կիրառելի է այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը պատշաճ կերպով դատական ծանուցագիր ստանալուց հետո նախընտրել է չներկայանալ դատարան և չի խնդրել հարցը հետաձգել:
7. Կողմը չպետք է բանկային գաղտնիքը հիմք համարի՝ սույն բաժնով նախատեսված համագործակցությունը մերժելու համար: Ներքին օրենսդրությամբ պահանջվելու դեպքում Կողմը կարող է պահանջել, որ համագործակցության վերաբերյալ հարցման կատարումը, որը կներառի բանկային գաղտնիքի բացահայտում, լիազորված լինի դատավորի կամ որևիցե այլ դատական մարմնի կողմից, ներառյալ հանրային դատախազությունը, որոնք ունեն քրեական հանցանքների ոլորտին առնչվող իրավասություններ:
8. Չխախտելով սույն հոդվածի 1.ա կետով նշված մերժման հիմքերը`
ա) այն փաստը, որ հետաքննության ենթարկված անձը կամ այն անձը, ում նկատմամբ պետք է կիրառվի հարցում ներկայացնող Կողմի իշխանությունների կողմից տրված բռնագրավման լիազորագիր, հանդիսանում է իրավաբանական անձ, չպետք է խոչընդոտի, ըստ հարցում ստացող Կողմի, սույն բաժնով նախատեսված համագործակցությունն իրականացնելուն.
բ) այն փաստը, որ ֆիզիկական անձը, ում նկատմամբ տրվել է եկամուտների բռնագրավման օրդեր, մահացել է, կամ այն փաստը, որ իրավաբանական անձը, որի նկատմամբ տրվել է եկամուտների բռնագրավման օրդեր, հետագայում լուծարվել է, 23-րդ հոդվածի 1.ա կետի համաձայն աջակցություն տրամադրելու համար չպետք է լինի խոչընդոտ.
գ) այն փաստը, որ հետաքննության ենթարկված անձը կամ այն անձը, ում նկատմամբ պետք է կիրառվի հարցում ներկայացնող Կողմի իշխանությունների կողմից տրված բռնագրավման հրամանը, հարցման մեջ նշված է և՛ իբրև հիմք հանդիսացող քրեական հանցանքի, և՛ իբրև փողերի լվացման հանցանքի հեղինակ, սույն Կոնվենցիայի 9.2.բ կետի համաձայն, չպետք է լինի, ըստ հարցում ստացող Կողմի, սույն բաժնով նախատեսված համագործակցությունն իրականացնելու համար խոչընդոտ: