Հոդված 46
Հոդված 46
Համագործակցությունը ՖՀՄ-ների միջև
1. Կողմերը պետք է ապահովեն, որ սույն Կոնվենցիայով սահմանված ՖՀՄ-ները համագործակցեն փողերի լվացման դեմ պայքարի նպատակով` այնպիսի փաստի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և, համապատասխան դեպքերում, ՖՀՄ-ի ներսում հետաքննություն իրականացնելու միջոցով, որը կարող է փողերի լվացման չափանիշ հանդիսանալ՝ իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. 1-ին կետի նպատակների համար Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի, որ ՖՀՄ-ները փոխանակեն, ինքնակամորեն կամ հարցման հիման վրա, սույն Կոնվենցիային կամ սույն Կոնվենցիայի հետ համատեղելի՝ գոյություն ունեցող կամ հետագա փոխըմբռնման հուշագրերին համապատասխան, ցանկացած մատչելի տեղեկատվություն, որը կարող է էական լինել փողերի լվացման հետ կապ ունեցող ֆինանսական գործարքների և ներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվության մշակման և վերլուծության համար կամ, համապատասխան դեպքերում, ՖՀՄ-ի կողմից հետաքննության համար:
3. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի, որ սույն հոդվածով սահմանված ՖՀՄ-ների գործառույթների կատարմանը չխոչընդոտի նրանց ներքին կարգավիճակը` անկախ նրանից` դրանք վարչական, իրավապահ, թե դատական մարմիններ են հանդիսանում:
4. Սույն հոդվածին համապատասխան կատարված յուրաքանչյուր հարցում պետք է զուգակցվի հարցում ներկայացնող ՖՀՄ-ին հայտնի էական փաստերի հակիրճ ներկայացմամբ: ՖՀՄ-ն հարցման մեջ պետք է նշի, թե ինչպես է օգտագործվելու հայցվող տեղեկատվությունը:
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածին համապատասխան հարցում է կատարվում, հարցում ստացող ՖՀՄ-ն պետք է տրամադրի հարցման մեջ նշված` համապատասխան ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ մատչելի ֆինանսական տեղեկատվությունը և օրենքի կիրառության վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը, առանց հարցման պաշտոնական նամակ ներկայացնելու անհրաժեշտության՝ Կողմերի միջև կիրառելի կոնվենցիաների կամ համաձայնագրերի ներքո:
6. ՖՀՄ-ն կարող է հրաժարվել տեղեկատվություն հրապարակելուց, եթե այն կարող է վնասել հարցում ստացող Կողմում իրականացվող քրեական հետաքննությանը, կամ, բացառիկ դեպքերում, եթե տեղեկատվության հրապարակումը ակնհայտորեն անհամադրելի է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ շահագրգիռ Կողմի օրինական շահերի հետ կամ որևէ այլ կերպ չի համապատասխանում հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրության հիմնարար սկզբունքներին: Ցանկացած այդպիսի մերժում պետք է համապատասխան կերպով պարզաբանվի տեղեկատվությունը հայցող ՖՀՄ-ին:
7. Սույն հոդվածի ներքո ստացված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը պետք է օգտագործվեն բացառապես 1-ին կետում նշված նպատակների համար: Գործընկեր ՖՀՄ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը չպետք է տրամադրվի երրորդ Կողմի և չպետք է օգտագործվի, այն ստացող ՖՀՄ-ի կողմից վերլուծությունից բացի, որևէ այլ նպատակի համար` առանց տեղեկատվությունը տրամադրող ՖՀՄ-ի նախնական համաձայնության:
8. Սույն հոդվածին համապատասխան տեղեկատվություն կամ փաստաթղթեր փոխանցելիս փոխանցում իրականացնող ՖՀՄ-ն կարող է սահմանափակումներ և պայմաններ սահմանել՝ տեղեկատվությունը, 7-րդ կետով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու համար: Տեղեկատվություն ստացող ՖՀՄ-ն պետք է կատարի ցանկացած այդպիսի սահմանափակում կամ պայման:
9. Այն դեպքում, երբ Կողմերից որևէ մեկը ցանկանում է փոխանցված տեղեկատվությունը կամ փաստաթղթերը, 7-րդ կետով նախատեսված նպատակներին համապատասխան, օգտագործել քրեական հետաքննության կամ դատավարության համար, փոխանցումն իրականացնող ՖՀՄ-ն չպետք է հրաժարվի այդպիսի համաձայնություն տալուց` բացառությամբ այն դեպքերի, եթե այդ մերժումը կատարվում է իր ներքին օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կամ 6-րդ կետով նշված պայմանների հիման վրա: Համաձայնությունը տալու յուրաքանչյուր մերժում պետք է համապատասխան ձևով պարզաբանվի:
10. ՖՀՄ-ն պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ անվտանգության միջոցները, որպեսզի ապահովի, որ սույն հոդվածի ներքո փոխանցված տեղեկատվությունը մատչելի չլինի որևիցե այլ մարմնի, գործակալության կամ բաժնի:
11. Փոխանցվող տեղեկատվությունը պետք է պաշտպանված լինի, Եվրոպայի խորհրդի 1981թ. հունվարի 28-ի` Անհատական տվյալների ավտոմատացված մշակման առնչությամբ անձանց պաշտպանության մասին (ETS հմ. 108) կոնվենցիային համապատասխան և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1987թ. սեպտեմբերի 15-ի` Ոստիկանության համակարգում անհատական տվյալների օգտագործումը կարգավորող հմ. R (87) 15 առաջարկի նկատառմամբ, գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության առնվազն նույն կանոններով, որոնք, ազգային օրենսդրության ներքո, կիրառելի են հարցում ներկայացնող ՖՀՄ-ի նկատմամբ:
12. Փոխանցում իրականացնող ՖՀՄ-ն կարող է հիմնավորված հարցումներ կատարել տրամադրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ, իսկ տեղեկատվություն ստացող ՖՀՄ-ն պետք է գործնականորեն հնարավոր լինելու դեպքում տրամադրի այդ հետադարձ տեղեկատվությունը:
13. Կողմերը պետք է նշեն այն մարմինը, որը սույն հոդվածի իմաստով ՖՀՄ-ն է: