Հոդված 3
Հոդված 3
Բռնագրավման միջոցներ
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու գործիքների և եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներին և լվացման ենթարկված գույքին համարժեք գույքի բռնագրավում:
2. Հաշվի առնելով այն, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունը վերաբերում է փողերի լվացմանը և սույն Կոնվենցիայի հավելվածի մեջ նշված հանցագործություններին, Կողմերից յուրաքանչյուրը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունը կիրառելի է.
ա) այն դեպքում, երբ հանցանքի համար իբրև պատժամիջոց սահմանված ազատազրկման կամ կալանքի առավելագույն ժամկետը գերազանցում է մեկ տարին: Սակայն տվյալ դրույթի վերաբերյալ Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ հարկային իրավախախտումներից ստացված եկամուտների բռնագրավման վերաբերյալ հայտարարությամբ, որպեսզի հնարավորություն ունենա իրականացնելու այդպիսի եկամուտների բռնագրավումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցով՝ հարկային պարտավորությունների մարման ազգային և միջազգային օրենսդրության ներքո, և/կամ
բ) միայն ցուցակով սահմանված հանցատեսակների նկատմամբ:
3. Կողմերը կարող են պարտադիր բռնագրավում սահմանել այն հանցատեսակների համար, որոնք ենթակա են բռնագրավման ռեժիմի: Կողմերը, մասնավորապես, կարող են այս դրույթը կիրառել փողերի լվացման, թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիկինգի և ցանկացած այլ ծանր հանցատեսակների նկատմամբ:
4. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան ազգային օրենսդրությամբ ծանր հանցագործություն համարվող մեկ կամ մի քանի արարք կատարած անձանցից պահանջել, որպեսզի նրանք ներկայացնեն բռնագրավման ենթակա եկամուտների կամ գույքի ծագման վերաբերյալ տեղեկություններ, եթե նման պահանջը համապատասխանում է տվյալ երկրի օրենսդրության սկզբունքներին: