Հոդված 37
Հոդված 37
Հարցման պարունակությունը
1. Սույն բաժնով նախատեսված համագործակցության վերաբերյալ ցանկացած հարցում պետք է պարունակի.
ա) հարցում ներկայացնող մարմնի, ինչպես նաև հետաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմնի անվանումը.
բ) հարցման առարկան և հիմքերը.
գ) հետաքննությանը կամ դատավարությանը առնչվող հիմքերը, ներառյալ համապատասխան փաստերը (օրինակ` հանցանքի կատարման ամսաթիվը, վայրը և հանգամանքները), բացառությամբ ծանուցման հարցումների դեպքի.
դ) այն չափով, որքանով հանցագործությունը ներառում է հարկադիր գործողություն`
i. կանոնադրական դրույթների տեքստը կամ, հնարավոր չլինելու դեպքում, կիրառվող համապատասխան օրենքի ձևակերպումը, և
ii. նշում այն մասին, որ հայցվող միջոցը կամ համանման ազդեցություն ունեցող ցանկացած այլ միջոց կիրառելի կլինի հարցում ներկայացնող Կողմի տարածքում` վերջինիս օրենսդրության համաձայն.
ե) անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում`
i. համապատասխան անձի կամ անձանց վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, ազգությունը, բնակության վայրը, իսկ իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը, և
ii. այն գույքը, որի առնչությամբ հայցվում է համագործակցությունը, դրա գտնվելու վայրը և կապը համապատասխան անձի կամ անձանց հետ, ցանկացած տեսակի կապը հանցանքի հետ, ինչպես նաև այլ անձանց, գույքի նկատմամբ շահ ունենալու վերաբերյալ առկա ցանկացած տեղեկատվություն, և
զ) ցանկացած առանձնակի ընթացակարգ, որը հարցում ներկայացնող Կողմը ցանկանում է պահպանել:
2. 3-րդ բաժնի համաձայն նախնական միջոցներ կիրառելու վերաբերյալ հարցման մեջ, որն առնչվում է այնպիսի գույքի առգրավմանը, որի նկատմամբ կարող է կիրառվել գումար վճարելու պահանջից բաղկացած բռնագրավման օրդերը, պետք է նշվի նաև այդ գույքից ստացվելիք հատուցման առավելագույն գումարը:
3. 1-ին կետում նշված նշումներից բացի` 4-րդ բաժնով նախատեսված յուրաքանչյուր հարցում պետք է պարունակի.
ա) 23-րդ հոդվածի 1.ա կետի դեպքում`
i. հարցում ներկայացնող Կողմի դատարանի կողմից տրված` բռնագրավման օրդերի` հաստատված ու վավերացված պատճենը և այն հիմքերի վերաբերյալ հայտարարությունը, որոնց հիման վրա տրվել է բռնագրավման օրդերը, եթե այդ հիմքերը նշված չեն բռնագրավման օրդերում.
ii. հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմնի վավերացումն այն մասին, որ բռնագրավման օրդերը իրագործելի է և ենթակա չէ բողոքարկման սովորական միջոցների.
iii. տեղեկություններ այն մասին, թե ինչ չափով է հայցվում օրդերի կատարումը, և
iv. տեղեկություններ որևէ նախնական միջոց ձեռնարկելու անհրաժեշտության մասին,
բ) 23-րդ հոդվածի 1.բ կետի դեպքում` այն փաստերի վերաբերյալ հայտարարությունը, որոնց վրա հիմնվել է հարցում ներկայացնող Կողմը, և որոնք բավարար են, որ հարցում ստացող Կողմը հնարավորություն ունենա պահանջելու օրդերի կատարումը իր ներքին օրենսդրության շրջանակներում.
գ) այն դեպքում երբ երրորդ Կողմերը հնարավորություն են ունեցել պաշտպանելու իրենց իրավունքները` այդ մասին վկայող փաստաթղթեր: