Հոդված 9
Հոդված 9
Փողերի լվացմանն առնչվող հանցատեսակներ
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնցով հնարավոր կլինի տվյալ երկրի օրենսդրության ներքո իբրև հանցատեսակ սահմանել դիտավորությամբ կատարված հետևյալ գործողությունները.
ա) գույքի փոխարկումը կամ փոխանակումը, եթե հայտնի է այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը` գույքի անօրինական ծագումը թաքցնելու կամ քողարկելու, ինչպես նաև նախորդող հանցատեսակի կատարման մեջ ներգրավված անձին իրավական հետևանքներից խուսափելու հարցում աջակցելու նպատակով.
բ) գույքի իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, օտարման, փոխադրման, գույքի նկատմամբ որևիցե իրավունքի կամ սեփականատիրության թաքցնելը կամ քողարկելը, եթե հայտնի է այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը,
և, իր սահմանադրական սկզբունքներին և իրավական համակարգի հիմնական հասկացություններին համապատասխան՝
գ) գույքի ձեռքբերումը, տիրապետումը կամ օգտագործումը` եթե ստանալու պահին հայտնի է եղել այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը,
դ) սույն հոդվածով սահմանված հանցանքներին կամ դրանց իրականացման փորձին մասնակցելը, միանալը կամ հանցավոր համաձայնության գալը, ինչպես նաև այդ հանցանքների իրականացմանն աջակցելը, դրդելը, նպաստելը կամ խորհրդակցելը:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության իրագործման կամ կիրառման առումով`
ա) չպետք է կարևորվի, թե արդյոք նախորդող հանցանքը սահմանված է տվյալ Կողմի քրեական օրենսդրությամբ.
բ) կարող է նախատեսվել, որ սույն պարբերության մեջ նշված հանցանքները չեն տարածվի նախորդող հանցանքը կատարած անձի նկատմամբ.
գ) սույն պարբերությամբ սահմանված հանցանքի համար իբրև պարտադիր պայման հանդիսացող իմացության, դիտավորության կամ նպատակի վերաբերյալ եզրակացությունը կարող է արվել օբյեկտիվ, փաստացի հանգամանքներից ելնելով:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան իր երկրի օրենսդրության ներքո իբրև հանցանք սահմանել սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված բոլոր կամ մի քանի գործողությունները այն երկու դեպքերում կամ դեպքերից մեկում, երբ հանցագործը.
ա) կասկածել է, որ գույքը եկամուտ է հանդիսանում.
բ) պետք է ենթադրեր, որ գույքը եկամուտ է հանդիսանում:
4. Ելնելով նրանից, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունը կիրառվում է սույն Կոնվենցիայի հավելվածով սահմանված նախորդող հանցատեսակների նկատմամբ, պետություններից յուրաքանչյուրը կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր իրավական փաստաթուղթը ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով հայտարարել, որ սույն հոդվածի 1-ին պարբերությունը կիրառելի է.
ա) այն դեպքում, երբ նախորդող հանցանքի համար իբրև պատժամիջոց սահմանված ազատազրկման կամ կալանավորման առավելագույն ժամկետը գերազանցում է մեկ տարին, իսկ այն Կողմերի համար, որոնց իրավական համակարգը հանցանքների համար սահմանում է ազատազրկման կամ կալանավորման նվազագույն ժամկետ, նշված դրույթը կիրառելի է այն դեպքում, երբ հանցանքի համար իբրև պատժամիջոց սահմանված ազատազրկման կամ կալանավորման նվազագույն ժամկետը գերազանցում է վեց ամիսը, և/կամ:
բ) միայն ցուցակով սահմանված հանցատեսակների նկատմամբ, և/կամ
գ) տվյալ Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված ծանր հանցատեսակների նկատմամբ:
5. Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ նախորդող հանցանքի համար նախկին կամ ներկա դատվածությունը նախապայման չէ փողերի լվացման համար դատապարտելու համար:
6. Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ, սույն հոդվածի համաձայն, փողերի լվացման համար դատապարտումը հնարավոր է այն դեպքում, երբ ապացուցված է, որ սույն հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված գույքն ի հայտ է եկել նախորդող հանցանքի արդյունքում` առանց հանցանքը ճշգրիտ նշելու անհրաժեշտության:
7. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ապահովի, որ փողերի լվացման համար նախորդող հանդիսացող հանցանքները ներառեն այն արարքները, որոնք տեղի են ունեցել մեկ այլ պետությունում, որտեղ դրանք հանցանք են համարվում, և կհամարվեին նախորդող հանցանք, եթե կատարված լինեին տվյալ երկրում: Կողմերից յուրաքանչյուրը կարող է իբրև միակ նախապայման սահմանել այն, որ արարքը տվյալ երկրում կատարված լինելու դեպքում կհամարվեր նախորդող հանցանք: