Հոդված 34
Հոդված 34
Անմիջական հաղորդակցում
1. Կենտրոնական մարմինները պետք է ուղղակիորեն հաղորդակցվեն միմյանց հետ:
2. Անհետաձգելի դեպքերում սույն բաժնով նախատեսված հարցումները կամ հաղորդակցությունները կարող են հարցում ներկայացնող Կողմի դատական մարմինների, այդ թվում` հանրային դատախազության կողմից ուղղակիորեն առաքվել հարցում ստացող Կողմի համանման մարմիններին: Այդպիսի դեպքերում պատճենը միաժամանակ պետք է ուղարկվի հարցում ստացող Կողմի կենտրոնական մարմնին հարցում ներկայացնող Կողմի կենտրոնական մարմնի միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ցանկացած հարցում կամ հաղորդակցություն կարող է կատարվել քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով:
4. Այն դեպքում, երբ հարցում է կատարվում սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, և տվյալ մարմինը իրավասու չէ կատարելու այդ հարցման պահանջը, նա պետք է հարցումը ուղղի իրավասու ազգային մարմնին և այդ մասին ուղղակիորեն տեղեկացնի հարցում ներկայացնող Կողմին:
5. Սույն բաժնի 2-րդ ենթաբաժնով սահմանված հարցումները կամ հաղորդակցությունները, որոնք չեն ներառում հարկադիր գործողություն, կարող են հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմինների կողմից ուղղակիորեն փոխանցվել հարցում ստացող Կողմի իրավասու մարմիններին:
6. Նախքան պաշտոնական հարցում ներկայացնելը սույն բաժնով նախատեսված հարցումների կամ հաղորդակցությունների նախագծերը կարող են հարցում ներկայացնող Կողմի դատական մարմինների կողմից ուղղակիորեն առաքվել հարցում ստացող Կողմի համանման մարմիններին, որպեսզի հարցումը արդյունավետ կերպով օգտագործվի ստացվելուց անմիջապես հետո և պարունակի բավականաչափ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր` հարցում ստացող Կողմի օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար: