Հոդված 7
Հոդված 7
Քննչական լիազորություններ և միջոցներ
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնցով իր դատարանները կամ այլ իրավասու մարմիններ կստանան լիազորություններ պահանջելու բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի տրամադրում կամ առգրավում` 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված գործողություններն իրականացնելու նպատակով: Կողմը չի կարող հրաժարվել սույն հոդվածի դրույթներով սահմանված գործողություններն իրականացնելուց բանկային գաղտնիքի պատճառաբանությամբ:
2. Չխախտելով 1-ին պարբերությամբ սահմանված դրույթները` Կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի նա.
ա) պարզի, թե արդյոք ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է իր տարածքում գտնվող որևիցե բանկում բացված ցանկացած տեսակի` մեկ կամ մի քանի հաշիվների օգտագործողը կամ շահառու սեփականատերը, իսկ հանդիսանալու դեպքում՝ ձեռք բերի նույնականացված հաշիվների բոլոր տվյալները.
բ) ձեռք բերի այն սահմանված բանկային հաշիվների և բանկային գործարքների վերաբերյալ մանրամասները, որոնք իրականացվել են որոշակի ժամանակահատվածում, մեկ կամ մի քանի որոշակի հաշիվների միջոցով` ներառյալ այդ հաշիվներին փոխանցումներ կատարած և դրանցից փոխանցումներ ստացած այլ հաշիվների վերաբերյալ մանրամասները.
գ) մոնիտորինգի ենթարկի որոշակի ժամանակահատվածում մեկ կամ մի քանի նույնականացված հաշիվների միջոցով իրականացվող բանկային գործարքները, և
դ) ապահովի, որ բանկերը իրենց շահագրգիռ հաճախորդների կամ երրորդ անձանց համար չբացահայտեն «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն տեղեկատվություն որոնելու կամ ձեռք բերելու, ինչպես նաև հետաքննություն իրականացնելու փաստը:
Կողմերը պետք է քննարկեն նաև բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատություններում բացված հաշիվների վրա տվյալ դրույթը տարածելու հարցը:
3. Կողմերից յուրաքանչյուրը պետք է քննարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ընդունելու հնարավորությունը, որոնք թույլ կտան կիրառել եկամուտների հայտնաբերումը և հետապնդումը, ինչպես նաև համապատասխան ապացույցների հավաքագրումը հեշտացնող հատուկ քննչական միջոցներ, որոնցից են դիտարկումը, հեռահաղորդակցության գաղտնալսումը, մուտքը համակարգչային համակարգեր և որոշակի փաստաթղթեր ներկայացնելու պահանջը: