Հոդված 100. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը
Հոդված 100. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը
1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումն իրականացվում է Կանոնակարգի 71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:
2. Ազգային ժողովի որոշման նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հեղինակն իրավունք ունի մինչև հարցի քննարկման ավարտը ներկայացնելու լրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու նախագիծը լրամշակելու նպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվում է ընդունված՝ առանց քվեարկության: Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքում նախագիծը դրվում է քվեարկության:
4. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվում է, և դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հեղինակը լրամշակված նախագիծ չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:
5. Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն քվեարկության է դրվում այդ նիստում:
6. Նախագծի ընդունման դեպքում համարվում է, որ հանձնաժողովը դրա վերաբերյալ Ազգային ժողով ներկայացրել է դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացություն: