Հոդված 50. Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
Հոդված 50. Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
(վերնագիրը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)
1. Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
2. Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասով և 126-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
2.1. Կանոնակարգի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
3. Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Կառավարության վստահության հարցը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
4. Սույն հոդվածում նշված հատուկ նիստերի գումարման օրվա և ժամի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
5. Եթե Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետները չեն խախտվում, ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ.
3) չի ապահովվում, և առկա չէ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
7. Եթե սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման ժամանակ խոչընդոտվում է նիստի բնականոն ընթացքը, և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումների ընթացքում այն հնարավոր չի լինում վերականգնել, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը շարունակվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն մասով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ։
(50-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ., լրաց. 02.10.18 ՀՕ-17-Ն)