Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 145. Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը

գործել է մինչև 2026-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 145. Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը

1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածու է առաջարկվում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի լիազորությունների ավարտից առնվազն հարյուր օր առաջ, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մշտական հանձնաժողովին և խմբակցություններին:

4.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածուն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ: Որոշման մեջ նշվում են թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաև թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին: Սահմանադրության և օրենքի պահանջները բավարարելու դեպքում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց և առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ այն ժամկետում, որ ապահովվի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացության տրամադրումը, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի մեկ թեկնածու: Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը:

5.1. Եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածու չի առաջարկում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

7. (մասն ուժը կորցրել է 22.06.20 ՀՕ-309-Ն)

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

10. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահից բացի, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

11. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը և մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնը ստանձնում են համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

(145-րդ հոդվածը լրաց., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ., փոփ. 22.06.20 ՀՕ-309-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-332-Ն, լրաց., փոփ. 14.07.22 ՀՕ-315-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։