Հոդված 17. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը
Հոդված 17. Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը
1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում իրականացնում է գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաև մշտական հանձնաժողովին վերապահված մյուս լիազորությունները:
2. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակում`
1) քննարկում և Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում իր իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ.
2) կարող է հարցմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.
3) հարցմամբ կարող է պահանջել և օրենքով սահմանված կարգով ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.
4) կարող է հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները:
3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
4. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
5. Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:
7. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաև այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
(17-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-97-Ն)