Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-07-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 19 · ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 86. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 86. Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան` Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելու համար, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:

3. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից գնահատելիս Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

6. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը համապատասխան նախագծի հետ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխությունները մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է:

(86-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.06.20 ՀՕ-304-Ն, փոփ. 22.06.20 ՀՕ-309-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։