Հոդված 20. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը
Հոդված 20. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը
1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
2. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:
3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են հանձնաժողովի՝
1) քննության առարկան և իրավասության ոլորտը.
2) նախագահի անունը, ազգանունը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.
3) լիազորությունների ժամկետը:
4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, դիմումին կցվում է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:
5. Եթե դիմումն անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ստորագրել կամ այն սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի պահանջներին՝
1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.
2) համապատասխանում է, ապա պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը և դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
7. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեցական ամսով:
(20-րդ հոդվածը փոփ. 15.09.22 ՀՕ-352-Ն)