Հոդված 121. Խմբակցությունների գրավոր հարցապնդումները
Հոդված 121. Խմբակցությունների գրավոր հարցապնդումները
1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:
2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:
3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:
4. Հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
5. Գրավոր հարցապնդումը Կառավարություն է ուղարկվում, ինչպես նաև հարցապնդման պատասխանը խմբակցությանն է հանձնվում Աշխատակարգով սահմանված կարգով: Հարցապնդման պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում և խմբակցության առաջարկությամբ քննարկվում են Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Յուրաքանչյուր շաբաթվա հերթական նիստերում կարող է ներկայացվել և քննարկվել մեկ հարցապնդման պատասխան:
7. Հերթական նիստերի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդման պատասխանը ներկայացվում է, ինչպես նաև կարող է խմբակցության առաջարկությամբ քննարկվել այդ նիստերի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթական նիստերի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահին ներկայացվել մինչև հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը:
8. Եթե նույն շաբաթվա հերթական նիստերում լրանում է մեկից ավելի հարցապնդման պատասխանների ներկայացման ժամկետը, ապա ներկայացվում է այն հարցապնդման պատասխանը, որն ավելի շուտ է ուղարկվել Կառավարություն: Եթե հարցապնդումներն ուղարկվել են նույն օրը, ապա դրանց պատասխանների ներկայացման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:
9. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամին ելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված:
10. Խմբակցության առաջարկությամբ՝ հարցապնդման պատասխանն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.
1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են հարցեր տրվել.
2) ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են հարցեր տրվել.
3) մտքերի փոխանակություն.
4) եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամը, այնուհետև՝ խմբակցության ներկայացուցիչը:
11. Հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցության ներկայացուցիչը կարող է իր եզրափակիչ ելույթում՝
1) առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման, կամ
2) հայտարարել, որ խմբակցությունը նախատեսում է Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել: Եթե հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 152-րդ հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան, Ազգային ժողովի նախագահին ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ապա այն քննարկվում է Կանոնակարգի 152-րդ հոդվածի 5-10-րդ մասերով սահմանված կարգով:
12. Հարցապնդման քննարկման տևողությունը 90 րոպե է:
13. Ազգային ժողովի նախագահը Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և 24 ժամվա ընթացքում ուղարկում է վարչապետին:
14. Հարցի քննարկման ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որևէ խմբակցություն չի կարող միևնույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել կամ քննարկված հարցապնդման արդյունքով ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: