Հոդված 153.1. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման կարգը
Հոդված 153.1. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման կարգը
(վերնագիրը խմբ. 13.09.19 ՀՕ-175-Ն)
1. Ազգային ժողովի նշանակած ինքնավար մարմնի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել այդ ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Եզրակացությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
3. Եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ` երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում` անկախ նրա ներկայությունից:
4. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ` որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս ինքնավար մարմնի նախագահը կամ օրենքով սահմանված կարգով նրան փոխարինողը, որից հետո ելույթ կարող է ունենալ և հարցերին պատասխանել եզրակացությունում նշված ինքնավար մարմնի անդամը:
5. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա` ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին հարցը:
6. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(153.1-ին հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն, խմբ. 13.09.19 ՀՕ-175-Ն)