Հոդված 21. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը
Հոդված 21. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը
1. Քննիչ հանձնաժողովը կարող է իր`
1) անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.
2) որոշմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.
3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
2. Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
3. Քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովների համար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Քննիչ հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:
(21-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-97-Ն)