Հոդված 73
Հոդված 73
Միավորված ազգերի կազմակերպության անդամները, որոնք պատասխանատվություն են կրում կամ ստանձնում այնպիսի տարածքների կառավարման համար, որոնց ժողովուրդները դեռևս չեն հասել լիակատար ինքնակառավարման, ընդունում են այն սկզբունքը, որ տվյալ տարածքների բնակչության շահերն առաջնահերթ են և, իբրև նվիրական պարտականություն, պատասխանատվություն են ստանձնում սույն Կանոնադրությամբ հաստատված միջազգային խաղաղության և անվտանգության համակարգի շրջանակներում առավելագույնս նպաստել այդ տարածքների բնակչության բարօրությանը և այդ նպատակով՝
ա) այդ ժողովուրդների մշակույթի հանդեպ պատշաճ հարգանք դրսևորելով՝ ապահովել նրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական առաջընթացը, նրանց նկատմամբ արդարացի վերաբերմունքն ու նրանց պաշտպանությունը չարաշահումներից,
բ) զարգացնել ինքնակառավարումը, պատշաճ կերպով հաշվի առնել այդ ժողովուրդների քաղաքական ձգտումները և օժանդակել նրանց ազատ քաղաքական հաստատությունների առաջադիմական զարգացմանը՝ ըստ յուրաքանչյուր տարածքի և նրա ժողովրդի մասնավոր հանգամանքների և զարգացման տարբեր աստիճանների,
գ) ամրապնդել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,
դ) առաջ մղել զարգացման կառուցողական միջոցառումները, խրախուսել հետազոտությունները, համագործակցել միմյանց հետ և, ուր և երբ հարկ է, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ՝ հանուն սույն հոդվածում շարադրված սոցիալական, տնտեսական ու գիտական նպատակների գործնական իրականացման և
ե) տեղեկատվության նպատակով և այնպիսի սահմանափակումներով, որոնք կարող են պահանջվել անվտանգության և սահմանադրական նկատառումներով, պարբերաբար Գլխավոր քարտուղարին հաղորդել վիճակագրական և տեխնիկական բնույթի այլ տեղեկություններ իրենց պատասխանատվության ներքո գտնվող տարածքների տնտեսական, սոցիալական և կրթական պայմանների վերաբերյալ, բացառությամբ այն տարածքների, որոնց վերաբերում են 11-րդ և 12-րդ գլուխները: