Հոդված 12. Գրավառուի իրավունքների պաշտպանության միջոցները
Հոդված 12. Գրավառուի իրավունքների պաշտպանության միջոցները
1. 17-րդ հոդվածում նշված իմաստով պարտավորությունների չկատարման դեպքում գրավառուն, այն չափով, որ չափով գրավատուն որևէ պահի համաձայնել է դրան, և հաշվի առնելով ցանկացած հայտարարություն, որը կարող է կատարվել Պայմանավորվող պետության կողմից` 70-րդ հոդվածի համաձայն, կարող է օգտվել իրավունքների պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկից կամ մի քանիսից.
ա) սեփականել պարտականությունների կատարման կարգով իրեն տրամադրված ավիացիոն օբյեկտը կամ հսկողություն իրականացնել դրա նկատմամբ,
բ) վաճառել կամ տալ երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) այդ ավիացիոն օբյեկտը,
գ) հավաքել կամ ստանալ ցանկացած տեսակի շահույթ կամ եկամուտ, որն առաջանում է այդ ավիացիոն օբյեկտը կառավարելու կամ շահագործելու արդյունքում:
2. Որպես այլընտրանք` Գրավառուն կարող է դիմել դատարան` նախորդ կետում նշված գործողություններից յուրաքանչյուրի իրականացումը օրինականացնող կամ կարգադրողական որոշում կայացնելու համար:
3. Գրավառուն, որը, 1-ին կետի համաձայն, առաջարկում է ավիացիոն օբյեկտը վաճառել կամ հանձնել լիզինգային հիմունքներով, պետք է ողջամիտ ժամկետներում նախնական գրավոր ծանուցում ներկայացնի առաջարկվող վաճառքի կամ լիզինգի մասին`
ա) 1-ին հոդվածի «իզ» կետի i և ii ենթակետերում նշված շահագրգիռ անձանց և
բ) 1-ին հոդվածի «իզ» կետի iii ենթակետում նշված շահագրգիռ անձանց, որոնք ողջամիտ ժամկետներում` մինչև վաճառքը կամ լիզինգը, գրավառուին գրավոր ծանուցել են իրենց իրավունքների մասին:
4. Եթե գրավառուն տասը կամ ավելի աշխատանքային օր առաջ շահագրգիռ անձանց գրավոր ծանուցել է առաջարկվող վաճառքի կամ լիզինգի մասին, համարվում է, որ բավարարվել է նախորդ կետում նշված «ողջամիտ ժամկետներում նախնական գրավոր ծանուցման» պայմանը: Վերոնշյալ դրույթը չի արգելում գրավառուին և գրավատուին կամ երաշխավորին համաձայնության գալ նախնական ծանուցման ավելի երկար ժամկետների մասին:
5. Յուրաքանչյուր գումար, որը հավաքվել կամ ստացվել է գրավառուի կողմից՝ 1-ին կամ 2-րդ կետում նշված իրավունքների պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման արդյունքում, ուղղվում է ապահովված պարտականությունների գումարները ծածկելուն:
6. Եթե գումարները, որոնք հավաքվել կամ ստացվել են գրավառուի կողմից՝ 1-ին կամ 2-րդ կետերում նշված իրավունքների պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման արդյունքում, գերազանցում են ապահովման երաշխիքով ապահովված գումարը և իրավունքների պաշտպանության միջոցների կատարման ընթացքում կրած ողջամիտ ծախսերը, ապա, եթե դատարանը այլ որոշում չի կայացրել, գրավառուն ավելացած գումարը առաջնայնության սկզբունքով բաշխում է այն հաջորդող երաշխիքներ ունեցող անձանց միջև, որոնք գրանցված են եղել, կամ որոնց մասին գրավառուն ծանուցվել է, իսկ մնացորդը վճարում է գրավատուին: