Հոդված 71. Առանձին դրույթներին վերաբերող հայտարարություններ
Հոդված 71. Առանձին դրույթներին վերաբերող հայտարարություններ
1. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ կիրառելու է սույն Կոնվենցիայի 9-րդ, 24-րդ կամ 25-րդ հոդվածներից ցանկացած որևէ մեկը կամ մի քանիսը:
2. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ կիրառելու է 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը ամբողջությամբ կամ մասամբ: Եթե նման հայտարարություն է արվում 20-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ, ապա նշում է պահանջվող ժամանակահատվածի տևողությունը: Պայմանավորվող պետությունը կարող է նաև հայտարարել, որ չի կիրառելու 20-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերը և 55-րդ հոդվածի դրույթները ամբողջությամբ կամ մասամբ. այդ հայտարարության մեջ պետք է նշվի, թե ինչ պայմաններում է կիրառվելու համապատասխան հոդվածը այն դեպքում, եթե այն մասամբ է կիրառվելու, կամ, հակառակ դեպքում, դատական պաշտպանության ինչպիսի այլ ժամանակավոր միջոցներ են կիրառվելու:
3. Պայմանավորվող պետությունը Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ ինքն ամբողջությամբ կիրառելու է 23-րդ հոդվածի Ա տարբերակը կամ ամբողջությամբ կիրառելու է Բ տարբերակը, և այդ դեպքում պետք է նշվեն անվճարունակության ընթացակարգի այն տեսակները, եթե դրանք առկա են, որոնց նկատմամբ կիրառվելու է Ա տարբերակը, և անվճարունակության ընթացակարգի այն տեսակները, եթե դրանք առկա են, որոնց նկատմամբ կիրառվելու է Բ տարբերակը: Սույն կետի համաձայն հայտարարություն անող Պայմանավորվող պետությունը պետք է նշի 23-րդ հոդվածով պահանջվող ժամանակահատվածը:
4. Պայմանավորվող պետությունների դատարանները կիրառում են 23-րդ հոդվածը՝ համաձայն այն Պայմանավորվող պետության հայտարարության, որն ունի անվճարունակության առնչությամբ առաջնային ընդդատություն: