Հոդված 23. Իրավունքների պաշտպանության միջոցները անվճարունակության դեպքում
Հոդված 23. Իրավունքների պաշտպանության միջոցները անվճարունակության դեպքում
1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը, որը հանդիսանում է անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատության երկիր, հանդես է եկել հայտարարությամբ` 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:
Տարբերակ Ա
2. Անվճարունակությանն առնչվող դեպք ի հայտ գալուց հետո անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը, հաշվի առնելով 7-րդ կետի դրույթները, ավիացիոն օբյեկտը հանձնում է պարտատիրոջ տնօրինությանը ոչ ուշ, քան ներքոհիշյալ ամսաթվերից ամենավաղ ամսաթվին`
ա) հետաձգման ժամանակահատվածի ավարտը,
բ) այն ամսաթիվը, որով պարտատերը իրավունք կստանար տնօրինելու ավիացիոն օբյեկտը սույն հոդվածը չկիրառելու դեպքում:
3. Սույն հոդվածի նպատակների համար. «հետաձգման ժամանակահատվածը» նշանակում է՝ այն ժամանակահատվածը, որը սահմանվել է այն Պայմանավորվող պետության հայտարարության մեջ, որը անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատության երկիրն է:
4. Սույն հոդվածում հղումները «անվճարունակության հարցերով կառավարչին» վերաբերում են կոնկրետ անձին` իր պաշտոնական, այլ ոչ թե անձնական իմաստով:
5. Նախքան 2-րդ կետով սահմանված տնօրինման հնարավորությունը պարտատիրոջն ընձեռելը`
ա) անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը պահպանում է ավիացիոն օբյեկտը, ապահովում դրա տեխնիկական սպասարկումը և պահպանում դրա արժեքը` համաձայնագրին համապատասխան, և
բ) պարտատերն իրավունք ունի դիմելու՝ իրավունքների պաշտպանության ժամանակավոր այլ բնույթի միջոցներ ստանալու համար, համաձայն կիրառելի իրավունքի:
6. Նախորդ կետի «ա» ենթակետը չի բացառում ավիացիոն օբյեկտի շահագործումը` դրա տեխնիկական սպասարկումը, օբյեկտի և դրա արժեքի պահպանումն ապահովելու պայմաններով:
7. Անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը կարող է իր մոտ պահել ավիացիոն օբյեկտը իր մոտ, եթե 2-րդ կետով նշված ժամանակահատվածում վերացնի պարտավորությունների բոլոր խախտումները` բացի անվճարունակության ընթացակարգերը սկսելու պատճառով առաջացած պարտավորությունների խախտումները, և համաձայնվի կատարել հետագա բոլոր պարտավորությունները` համաձայնագրին համապատասխան: Հետագա պարտավորությունների չկատարման դեպքում երկրորդ հետաձգման ժամանակահատվածը չի կիրառվում:
8. Ինչ վերաբերում է 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցներին, ապա`
ա) դրանք պետք է տրամադրվեն գրանցման մարմնի, համապատասխան դեպքերում` Պայմանավորվող պետության այլ վարչական մարմինների կողմից՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ պարտատերն այդ մարմիններին ծանուցում է, որ իրավունք ունի ստանալու այդ միջոցները` սույն Կոնվենցիայի համաձայն, և
բ) իրավասու մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն պարտատիրոջ հետ և օժանդակեն նրան իրավունքների պաշտպանության նման միջոցների իրականացման գործում` ավիացիոն անվտանգության օրենքների և նորմերի համաձայն:
9. 2-րդ կետում նշված ամսաթվից հետո սույն Կոնվենցիայով թույլատրված իրավունքների պաշտպանության միջոցների իրականացման համար չպետք է խոչընդոտներ ստեղծվեն կամ դրանք հետաձգվեն:
10. Համաձայնագրով պարտապանի ոչ մի պարտավորություն չի կարող փոփոխվել` առանց պարտատիրոջ համաձայնության:
11. Նախորդ կետում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես անվճարունակության հարցերով կառավարչի՝ կիրառելի իրավունքի համաձայն համաձայնագիրը դադարեցնելու լիազորություններին առնչվող դրույթ, եթե այդպիսիք առկա են:
12. Ոչ մի իրավունք և երաշխիք, բացառությամբ 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարության մեջ նշված արտապայմանագրային իրավունքների ու երաշխիքների, անվճարունակության ընթացակարգերի ժամանակ չպետք է ունենա առաջնահերթություն գրանցված երաշխիքների նկատմամբ:
13. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են սույն հոդվածով սահմանված իրավունքների պաշտպանության ցանկացած միջոցի իրականացման նկատմամբ:
Տարբերակ Բ
2. Անվճարունակության հետ կապված դեպք ի հայտ գալուց հետո անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը, պարտատիրոջ խնդրանքով, 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Պայմանավորվող պետության կատարած հայտարարության մեջ նշված ժամկետում ծանուցում է պարտատիրոջն այն մասին, թե արդյոք`
ա) վերացնե՞լու է պարտավորությունների բոլոր այլ խախտումները, անվճարունակության ընթացակարգերն սկսելու պատճառով առաջացած պարտավորությունների խախտումներից բացի, և համաձայն է կատարելու հետագա բոլոր պարտավորությունները` համաձայնագրի և գործարքին առնչվող հարակից փաստաթղթերի համաձայն, և
բ) տալո՞ւ է պարտատիրոջը հնարավորություն` տնօրինելու ավիացիոն օբյեկտը` համաձայն կիրառելի իրավունքի:
3. Նախորդ կետի «բ» ենթակետում նշված կիրառելի իրավունքը կարող է դատարանին թույլատրել, որ պահանջի լրացուցիչ միջոցների ձեռնարկում կամ լրացուցիչ երաշխիքների տրամադրում:
4. Պարտատերը պետք է տրամադրի իր պահանջների վերաբերյալ ապացույցներ և հաստատի իր միջազգային երաշխիքների գրանցված լինելը:
5. Եթե անվճարունակության հարցերով կառավարիչը կամ, համապատասխան դեպքերում, պարտապանը 2-րդ կետի համաձայն չի ծանուցել, կամ եթե անվճարունակության հարցերով կառավարիչը կամ պարտապանը հայտարարել է, որ հնարավորություն կտա պարտատիրոջը տնօրինելու ավիացիոն օբյեկտը, բայց այդ տեղի չի ունեցել, դատարանը կարող է թույլատրել պարտատիրոջը տնօրինել ավիացիոն օբյեկտը այն պայմաններով, որը կսահմանի դատարանը, և կարող է պահանջել լրացուցիչ միջոցների ձեռնարկում կամ լրացուցիչ երաշխիքների տրամադրում:
6. Ավիացիոն օբյեկտը չի վաճառվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի ընդունել որոշում համապատասխան հայցի կամ միջազգային երաշխիքի վերաբերյալ: