Հոդված 12. Վկաներին, տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին և փորձագետներին կանչելը
Հոդված 12. Վկաներին, տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին և փորձագետներին կանչելը
1. Եթե նախաքննության կամ դատաքննության ընթացքում մի Պայմանավորվող կողմի տարածքում վկայի, տուժողի, քաղաքացիական հայցվորի և/կամ պատասխանողի, նրանց ներկայացուցիչների կամ փորձագետի անձնական ներկայության անհրաժեշտություն է առաջանում, ովքեր գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա պետք է դիմել այդ Կողմի համապատասխան արդարադատության հիմնարկին՝ ծանուցագիր հանձնելու մասին հարցումով։
2. Դատաքննությանը կանչված անձի չներկայանալու դեպքում Պայմանավորվող կողմերն իրավունք չունեն կիրառել դատավարական և այլ հարկադրանքի միջոցներ։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, ովքեր, անկախ իրենց քաղաքացիությունից, ըստ կանչի՝ կամավոր ներկայացել են մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան արդարադատության հիմնարկ, այդ Կողմի տարածքում չեն կարող քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ պատժի ենթարկվել որևէ արարքի կապակցությամբ, որը նրանք կատարել են նախքան պետական սահմանը հատելը: Այդ անձինք չեն կարող նաև քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ պատժի ենթարկվել իրենց ցուցմունքների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների կամ քննության առարկա հանդիսացող արարքի կապակցությամբ։
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված արտոնություններից սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք չեն օգտվում, եթե իրենց ներկայությունն անհրաժեշտ չլինելու մասին ծանուցելու պահից 15 օրվա ընթացքում նրանք չեն հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից։ Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձինք չէին կարող հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից՝ իրենցից անկախ հանգամանքներով։
5. Ըստ կանչի՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներկայացած վկաները և փորձագետները արտասահման մեկնելու և այնտեղ մնալու հետ կապված ծախսերի դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև աշխատանքից կտրված օրերի համար չստացած աշխատավարձը իրենց կանչած արդարադատության հիմնարկից որպես հատուցում ստանալու իրավունք ունեն։ Փորձագետները, դրանից բացի, անցկացված փորձաքննության համար վարձատրության իրավունք ունեն։ Կանչի մեջ պետք է նշվի, թե կանչված անձինք ինչ տեսակի վճարների իրավունք ունեն։ Նրանց միջնորդությամբ՝ Պայմանավորվող կողմը, որը կանչ է ուղարկում, կանխավճար է տալիս համապատասխան ծախսերը ծածկելու համար։