Հոդված 21. Դատարանների իրավասությունը
Հոդված 21. Դատարանների իրավասությունը
1. Եթե սույն Պայմանագիրն այլ բան չի սահմանում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանները իրավասու են քննելու քաղաքացիական և ընտանեկան գործեր, եթե պատասխանողը նրա տարածքում բնակության վայր ունի։ Իրավաբանական անձանց և դատավարական իրավունակությամբ օժտված կազմակերպությունների դեմ հայցերով նրանք իրավասու են, եթե տվյալ Կողմի տարածքում է գտնվում իրավաբանական անձի կառավարման մարմինը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը։
2. Պայմանավորվող կողմերի դատարանները գործեր են քննում նաև այլ դեպքերում, եթե այդ մասին առկա է Կողմերի գրավոր համաձայնությունը։ Այդպիսի համաձայնության առկայության դեպքում դատարանը, պատասխանողի դիմումով, գործի վարույթը կարճում է, եթե նման դիմումը տրվել է նախքան հայցի էության վերաբերյալ առարկություններ ներկայացնելը։ Դատարանների բացառիկ իրավասությունը կողմերի համաձայնությամբ չի կարող փոփոխվել։
3. Միևնույն կողմերի՝ միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով երկու Պայմանավորվող կողմերի դատարաններում գործով վարույթ հարուցելու դեպքում, որոնք, սույն Պայմանագրին համապատասխան, իրավասու են, դատարանը, որը գործն ավելի ուշ է հարուցել, կարճում է վարույթը։